Վրաց պատրիարք Իլյա 2-րդը դեմ է օրինագծին, որով նախատեսվում է իրավական կարգավիճակ տալ երկրում գործող մի քանի կրոնական միավորումներին:

Վրաց պատրիարքարանը տարածել է Իլյա 2-րդի հաղորդագրությունը, որում նշվում է, թե խորհրդարանում հուլիսի 1-ին ընդունվել է տվյալ օրինագիծն առաջին ընթերցմամբ:

Իլյա 2-րդը նշել է, թե անհրաժեշտ է խորհրդարանում դադարեցնել օրենքի ընդունումը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ: Նրա խոսքով, տվյալ հարցով անհրաժեշտ է հրապարակային քննարկումներ անցկացնել, թեկուզ հեռուստաեթերում, «որպեսզի ընդհանուր հանրային կարծիք ձեւավորվի Ուղղափառ եկեղեցու հետ փոխհամաձայնության մթնոլորտում, քանի որ երկրի բնակչության մեծամասնությունը ուղղափառներ են»,- ասված հայտարարության մեջ:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում, ըստ որի հինգ կրոնական միավորման շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ:

Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում  Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին,  Բապտիստական եկեղեցուն:

Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից:

Երկրորդ եւ եզրափակիչ ընթերցումը նախատեսված է հուլիսի 6-ին: