Չինացի պալեոնտոլոգները հայտնաբերել են Peltoperleidus ձկան նոր տեսակի քարացած մնացորդներ: Գտածոն նկարագրող հոդվածը հրապարակվել է PeerJ ամսագրում։

Peltoperleidus-ը բրածո ձկնատեսակ է, որն ապրել է միջին Տրիասի դարաշրջանում (237-247 միլիոն տարի առաջ): Չինական գիտությունների ակադեմիայի Ողնաշարավորների էվոլյուցիայի եւ մարդու ծագման լաբորատորիայից Սյու Գուանհույը հայտնաբերել եւ նկարագրել է այս տեսակի հնագույն ներկայացուցիչներին, որոնք նախկինում անհայտ են եղել: Տեսակին տրվել է Peltoperleidus asiaticus անվանումը։

Յունան նահանգում հայտնաբերվել են երեք ձկների մնացորդներ, որոնց տարիքը գիտնականները գնահատում են 244 միլիոն տարի: Սա երկու միլիոն տարով ավելի է, քան նախկինում Շվեյցարիայում եւ Իտալիայում հայնտաբերված գտածոները: Հետազոտության համաձայն՝ այս տեսակը եղել է գիշատիչ-դուրոֆագ, այսինքն՝ սնվել է կոշտ պատյանով պատված օրգանիզմներով՝ մարջաններով, փափկամարմիններով եւ խեցգետնակերպերով։

Հետեւաբար, ձուկն ունի բավականին անսովոր ատամներ. դրանք նախատեսված են միաժամանակ բռնելու եւ տրորելու համար: Բացի այդ, տեսակը բնութագրվում է մարմնի վրա թեփուկների երկու հորիզոնական շարքերի առկայությամբ, ինչը նրան ավելի է մոտեցնում ձկների այս տեսակի ավելի վաղ նախնու հետ։