Հյուսիսային Կորեան մտադիր է սովից փրկվել սեւ կարապների մսով, որոնք սկսել են արդյունաբերական մասշտաբով բուծվել երկրի արեւելքում գտնվող Kwangpho Duck խոշորագույն ֆերմաներից մեկում, հայտնում է Daily Mail-ը։
ԿԺԴՀ իշխանությունները հույս ունեն, որ սեւ կարապի արդյունաբերական մշակումը կբարելավի մարդկանց կենսամակարդակը եւ կփրկի սովից։ Պաշտոնյաներն ասում են, որ թռչնի միսը «դեղորայքային հատկություն» եւ «լավ համ ունի»: Պարբերականը մեջբերել է Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի խոսքերը, ով հայտնել է, որ սեւ կարապի միսը «ավելի շատ սպիտակուց է պարունակում, քան մյուսները», ինչպես նաեւ «ավելի հեշտ է մարսվում եւ հակաքաղցկեղային հատկություն ունի»։
Հյուսիսային Կորեան սեւ կարապի արդյունաբերական բուծման մասին սկսել էր մտածել դեռ 2019 թվականի գարնանը։ ԿԺԴՀ-ն ի վերջո այս որոշմանը հանգեց այն բանից հետո, երբ դրա առաջնորդ Կիմ Չեն Ընը նախազգուշացրեց իր քաղաքացիներին, որ նրանք ստիպված կլինեն ավելի քիչ ուտել մինչեւ 2025 թվականը, երբ երկիրը կբացի իր սահմանները Չինաստանի հետ։ Հյուսիսային Կորեայի բնակիչները սկսեցին բողոքել, որ սննդի պակասի պատճառով իրենց դժվար կլինի անցկացնել ձմեռը` էլ չասած մի քանի տարվա մասին:
ԿԺԴՀ-ն փակել էր Չինաստանի հետ սահմանը 2020 թվականի հունվարին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Երկրի մեկուսացումը լուրջ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա. ապրանքների գները կտրուկ աճեցին։ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը գնահատում է, որ Հյուսիսային Կորեան 2021 թվականին մոտ 860 տոննա պարենի պակաս է զգում: ԿԺԴՀ կառավարությունը սննդի դեֆիցիտի պատճառ է համարում պատժամիջոցները, բնական աղետները եւ կորոնավիրուսային համավարակը։





























