Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքից ամերիկացի թոշակառու Ուիլյամ Նյուելը 100 000 դոլար է շահել՝ կայքից վիճակախաղի քսան նույն տոմսը գնելով: Այս մասին հաղորդում է Վիրջինիայի վիճակախաղի կայքը։

Կայքում նշվում է, որ տղամարդը նախկինում մասնակցել է վիճակախաղին, բայց սովորաբար տոմսերը մթերային խանութներից է գնել, այս անգամ, սակայն, դրանք գնել է Վիրջինիայի վիճակախաղի կայքում։ Տոմսի արժեքն ընդամենը 1 դոլար է եղել՝ 5000 դոլար շահելու հնարավորությամբ, սակայն, քանի որ թոշակառուն գնել է նույն տոմսերը, նրա մրցանակը բազմապատկվել է։

«Իհարկե, ես ինձ շատ լավ եմ զգում այս կապակցությամբ»,- խոսել է Նյուելն իր զգացողությունների մասին:

Նա հավելել է, որ դեռ չգիտի, թե ինչպես է ծախսելու շահած գումարը։

Սա նահանգի ամենամեծ վիճակախաղն է, որի տոմսերի վաճառքից օրական մոտ 2 միլիոն դոլար եկամուտ է ստացվում: Փողերի զգալի մասն ուղղվում է տարածաշրջանի դպրոցները եւ քոլեջները պահելուն։