Պատմության մեջ առաջին անգամ «Տարվա թռչուն» մրցույթում, որը պարբերաբար անցկացվում է Նոր Զելանդիայում, չղջիկն է հաղթել։ Քվեարկության գործընթացն ուղեկցվել է սոցցանցերում բուռն բանավեճերով, իսկ դրա արդյունքները առաջացրել են ինչպես հիացմունք ու շնորհավորանքներ, այնպես էլ «ակնհայտ կեղծիքի» մեղադրանքներ, հայտնում է BBC-ն։
Երբ կազմակերպիչները երկարապոչ չղջիկին ներառել են «Տարվա թռչուն-2021» մրցույթի թեկնածուների ցուցակում, դա ցնցել է Նոր Զելանդիայի հանրությանը՝ ի վերջո, չղջիկները սովորաբար դասվում են կաթնասունների, այլ ոչ թե թռչունների տեսակներին:
Բացի այդ, վերջին երկու տարիների ընթացքում չղջիկների հեղինակության վրա բացասաբար են ազդել այն կասկածները, որ կորոնավիրուսը նրանք կարող էին տարածել ամբողջ աշխարհում։
Սակայն, բաց առցանց քվեարկությունը ցույց է տվել, որ ամբողջ աշխարհում թռչունների սիրահարները պատրաստ են մի կողմ թողնել նախապաշարմունքները եւ դեմ գնալ կենդանաբանության հաստատված պատկերացումներին:
Պեկապեկ չղջիկի օգտին քվեարկել է ավելի քան 7000 մարդ, ինչը 3000-ով ավելի է, քան կակապոյի՝ չթռչող գիշերային թռչունի օգտին տված ձայները, որը մեկ անգամ չէ, որ հաղթել է այս մրցույթում։ Ընդհանուր առմամբ՝ առցանց քվեարկությանը մասնակցել է մոտ 57000 մարդ։





























