Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոյի պրոֆեսոր Փիթեր Սթոթը BBC Panorama ծրագրին ասել է, որ ամբողջ աշխարհում էքստրեմալ եղանակային իրադարձությունների հավանականությունը շարունակում է աճել, եւ եթե միջազգային հանրությունը չկարողանա զսպել գլոբալ տաքացումը, ապա մինչեւ 2100 թվականը Եվրոպային երեք տարին մեկ սպասվում են «Լյուցիֆերի ջերմային ալիքներ», երբ ամռանը ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 50°C, գրում է Daily Mail-ը։

«Գիտությունը պարզ ասում է, որ որքան շուտ մենք նվազեցնենք ջերմոցային գազերի արտանետումները, այնքան ավելի հավանական է, որ կխուսափենք կլիմայի փոփոխության լուրջ հետեւանքներից»,-ասում է գիտնականը: Նրա խոսքով՝ այս արտանետումները պետք է մինչեւ 2050 թվականը հասցնել զրոյի, որպեսզի խուսափենք ջերմաստիճանի 1,5 °C բարձրացումից եւ կանխենք աղետները: Հայտարարությունը հնչել է Գլազգոյում կայացած Cop26 գագաթնաժողովի ֆոնին, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարներն ու քաղաքական գործիչները փորձում են համաձայնության գալ ջերմոցային գազերի արտանետումները կանխելու կոնկրետ միջոցների շուրջ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցել այս համաժողովին: Հնդկաստանը հայտարարել է, որ մինչեւ 2070 թվականը զրոյի կհասցնի արտանետումները, Չինաստանը կհասնի ածխածնի չեզոքության մինչեւ 2060 թվականը, իսկ Վիետնամը նման պարտավորություններ է ստանձնել մինչեւ 2050 թվականը: