Գիզայում Մեծ բուրգի մոտ հայտնաբերվել է Սֆինքսի եւս մեկ արձան։ Առաջատար եգիպտագետներն արդեն հերքել են տվյալ տեղեկությունը, պատմում է Express.co.uk պորտալը։

Գտածոյի մասին տեղեկությունը տեղական ԶԼՄ-ները ստացել են Եգիպտոսի տուրիզմի եւ հնությունների նախարարությունում Գիզայի բուրգերի շրջանի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ռեդ Աբդել Հալիմից։ Նա հայտարարել է, որ եւս մեկ արձան է գտել, որը նման է Մեծ Սֆինքսին։

Նրա խոսքով՝ արձանի բարձրությունը կազմում է 73 մետր, գլխի բարձրությունը՝ 20,5 մետր, իսկ առջեւի վերջույթներն ունեն 15,5 մետր երկարություն։ Նա հավելել է, որ Զագազիգի համալսարանի մասնագետներն արդեն հրապարակել են գիտական հետազոտություն, որը հաստատում է այդ արձանի գոյությունը։

Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զախի Հավասն արդեն հերքել է այդ տեղեկությունը։ «Դա սուտ է։ Սֆինքսն ունիկալ է։ Դրա նմանակներ չկան աշխարհում։ Այլ նման արձանի հայտնաբերման մասին ցանկացած խոսակցություն անհիմն է եւ մեկ նպատակ է հետապնդում՝ ԶԼՄ-ներում աղմուկ բարձրացնելը»,-նշել է նա։

Փորձագետները նշում են, որ նման մակարդակի գիտական հետազոտությունները պետք է հրապարակվեն համապատասխան գիտական պարբերականներում, որպեսզի ամբողջ աշխարհից գիտնականները հնարավորություն ունենան ոչ միայն ծանոթանալ դրանց հետ, այլ անհրաժեշտության դեպքում հրապարակել պաշտոնական հերքումը։ Ընդ որում, կա լեգենդ, ըստ որի՝ Մեծ Սֆինքսի վրա եղել է գրություն, որը հայտնում է, որ կա եւս մեկ նման արձան։ Ավելի ուշ այդ տեքստն առեղծվածային կերպով ջնջվել է արձանի վրայից։