Ամերիկյան Apple ընկերությունը աշխատանքի է ընդունել Tesla-ի նախկին ինժեներ Քրիսթոֆեր Մուրին, որի թիմը զբաղվում էր անօդաչու ավտոմեքենաների ստեղծմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Bloomberg գործակալությանը։

Նրա տվյալներով՝ Մուրը աշխատելու է ավտոմեքենայի ծրագրային ապահովման ուղղությամբ՝ Սթյուարտ Բաուերսի ղեկավարությամբ, որը նույնպես մինչեւ 2019թ. կեսը աշխատել է Tesla-ում։ Apple-ը, պաշտոնապես չհաստատելով սեփական անօդաչու տրանսպորտային միջոցի ստեղծման մասին, հրաժարվել է մեկնաբանություններից։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը մտադիր է սկսել ավտոմեքենաների սեփական արտադրությունը 2024թ.։ Apple Insider պորտալի տեղեկատվությամբ՝ ներկայում Apple-ի ղեկավարությունը հանդիպումներ է ունենում ասիական ավտոարտադրողների հետ Apple Car էլեկտրամեքենաների սերիական արտադրության կարգավորման համար՝ կիսահաղորդիչների շուկայում միջազգային ճգնաժամի պայմաններում։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Apple-ը փորձում է պայմանավորվածություն ձեռք բերել Hyundai-ի եւ Kia-ի հետ էլեկտրամեքենաների արտադրություն սկսելու վերաբերյալ։ Ենթադրվում էր, որ դրանք կարտադրվեն ամերիկյան Ուեսթ Պոյնթ քաղաքում (Ջորջիայի նահանգ), Kia-ի ձեռնարկությունում։ Փետրվարի 5-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ թեմային նվիրված խորհրդակցությունները ընկերությունները դադարեցրել են։

1976թ. հիմնադրված Apple-ը արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական փլեերներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ Կորպորացիան, որի կենտրոնատեղին ամերիկյան Կուպերտինոյում է (Կալիֆոռնիայի նահանգ), աշխարհում ամենախոշորներից մեկն է։