Երկուշաբթի առավոտյան պղնձի համաշխարհային գներն աճում են Չինաստանում պաշարների նվազման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:
Comex բորսայում պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.11 տոկոսով՝ հասնելով 4.3585 դոլարի մեկ ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ օրվա վերջի դրությամբ պղնձի մեկ տոննայի արժեքն աճել է 0.84 տոկոսով եւ կազմել 9518 դոլար, ալյումինի գինը` 0.08 տոկոսով եւ կազմել 2556.5 դոլար, ցինկի արժեքը նվազել է 0.37 տոկոսով` մինչեւ 3228.5 դոլար մեկ տոննայի դիմաց։
«Շանհայի ֆյուչերսների բորսայում պղնձի պաշարներն անցյալ շաբաթ կրճատվել են 11845 տոննայով՝ հասնելով վերջին 12 տարվա նվազագույնին՝ 37482 տոննայի», - գրում են ANZ-ի վերլուծաբանները, որոնց մեջբերում է Wall Street Journal-ը:
Փորձագետների կարծիքով՝ պաշարների շարունակվող անկումը վկայում է այն մասին, որ պղնձի պահանջարկը շարունակում է բարձր մնալ։




























