Թուրքական հնարավոր էքսպանսիան Սիրիայում, բնականաբար, նպատակ է ունենալու ընդլայնել և ամրապնդել թուրքական անվտանգության գոտին, կարծում եմ՝ Թուրքիան Սիրիայի հյուսիսում դեռ առաջ է շարժվելու: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանը՝ անդրադառնալով Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից ռազմական նոր գործողություն սկսելու հնարավորություններին եւ դրա վերաբերյալ վերջին օրերին միջազգային մամուլում շրջանառվող տեղեկություններին:

«Վերջին օրերին Թուրքիան ավելի զբաղված էր տաս դեսպանների արտաքսման, Թուրքիային առնչվող այլ, մասնավորապես՝ Թուրքիա-ԱՄՆ կնճռոտ հարցերով։ Մյուս կողմից, ներքին տնտեսական հարցերը, այդ թվում՝ հոկտեմբերի վերջից լիրայի հերթական անկումը, շարունակում են մնալ օրակարգային, բայց, ըստ ամենայնի, այդքան էլ չեն խոչընդոտում Թուրքիայի առաջխաղացմանը արտաքին դաշտում․ Էրդողանը համոզված է, որ Թուրքիան տարածաշրջանային տերությունից վերաճում է գլոբալ տերության։

Ինչ վերաբերում է Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությանը, որի հետ կապված Էրդողանն արդեն ունի խորհրդարանի մանդատը, հիմնավորվում է Սիրիայում և Իրաքում քրդական ռազմաքաղաքական խմբավորումներից Անկարային մշտապես սպառնացող մարտահրավերներով։ Մասնավորապես, սաուդական մամուլը մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե թուրքական ռազմական ուժերը պրոթուրքական սիրիական ռազմական խմբավորումների օգնությամբ նոր ուղղություններով կսկսեն հարձակումները Քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի դեմ։ Հիմնականում նշվել էր Հասաքեից քառասուն կմ․ հեռավորության վրա ընկած Թել Թամրը, Ռաքքայի դեպի հյուսիս ընկած Այն Իսան և Քոբանին՝ Այն ալ-Արաբը։ Դրանք բոլորն էլ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքներ են քրդերի համար։ Թուրքական հնարավոր էքսպանսիան Սիրիայում, բնականաբար, նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել թուրքական անվտանգության գոտին։ Կարծում եմ՝ Թուրքիան Սիրիայում դեռ առաջ է շարժվելու»,- Փաշայանը։ 

Հարցին, թե Թուրքիայի կողմից ենթադրվող գործողություն սկսելու դեպքում ինչ դիրքորոշում կարող են ունենալ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝ ելնելով սիրիական հարցում իրենց վարած քաղաքականությունից, արաբագետը նկատում է՝ թե՛ Ռուսասատանը և թե՛ ԱՄՆ-ը սիրիական և, մասնավորապես, Թուրքիայի հարցում ունեն իրենց կարմիր գծերը։

«Որքան էլ բարդ են իրողությունները Թուրքիայի համար, Էրդողանին այնուամենայնիվ հիմնականում հաջողվում է ճկուն կերպով հաղթահարել արտաքին խնդիրները և առաջ շարժվել։ Այս տեսանկյունից հետաքրքրություն է ներկայացնում նաև ս․թ․ նոյեմբերի 4-ին Թուրքիայի արտգործնախարար Մ․ Չավուշողլուի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան և ԱՄՆ-ը կստեղծեն համատեղ աշխատանքային խումբ տարաձայնությունները քննարկելու համար։ Ինչպես նշվում է՝  կքննարկվեն «Քրդական բանվորական կուսակցության» սիրիական մասնաճյուղի, FETÖ գյուլենական ահաբեկչական խմբավորման և ռուսական C-400 պաշտպանության ժամանակակից համակարգին առնչվող հարցեր։ Նախարարը նշել էր, որ  նախաձեռնությունը ամերիկյան կողմից է։ Նախկինում, թուրք-ամերիկյան մի շարք նախաձեռնություններ ձախողվել են, այնպես որ սպասենք զարգացումներին։ 

Մյուս կողմից, ԱՄՆ-ին  և Իսրայելին, ինչու չէ, նաև՝ ամերիկյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանին, վերջին շրջանում կարող է ոչ պակաս մտահոգել նաև Իրանի հարաճուն առաջխաղացումը Սիրիայում։ Թեհրանը «Իմամ Ալիից» հետո կառուցում է արդեն երկրորդ ռազմաբազան Եփրատ գետի ափին, որը նպատակ ունի համակարգել տարածաշրջանում շիայական ռազմաքաղաքական խմբավորումների՝ միլիսների, գործունեությունը։ Հընթացս, Իրանը հետամուտ է նաև Թեհրան-Դամասկոս-Բեյրութ մայրուղու անխափան շահագործմանը, լայն մասնակցությանը Սիրիայի վերականգնման աշխատանքներին, մի խոսքով՝ Սիրիայից աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական օգուտներ քաղելուն։ Պատահական չէ, որ Ցախալի ռազմական օդուժը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում իրանական տարբեր ռազմական թիրախների, այդ թվում՝ զենիթա-հրթիռային համակարգերի»,- նկատեց արաբագետը։ 

Դեկտեմբերի կեսերին, ինչպես արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում «Աստանա»-ի ձեւաչափով կկայանա սիրիական հարցով բանակցությունների հերթական փուլը՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությամբ: Հարցին, թե արդյոք պետք է նոր զարգացումներ սպասել սիրիական խնդրի կարգավորման գործընթացում, Փաշայանը նկատում է՝ «Աստանա»-ի ձևաչափում ընդգրկված ուժերը ոչ միայն համագործակցում են, այլ նաեւ սուր հակասություններ ունեն։

«Ամեն դեպքում, կողմերը, կարծում եմ, կշարունակեն իրենց որդեգրած քաղաքակական ուղեգիծը Սիրիայում՝ պաշտպանելով ազդեցության սեփական գոտիները և ստանձնած պարտավորությունները, ինչն էլ միտված կլինի փխրուն կայունության պահպանմանը։ Սիրիական համակարտությունը, բնականաբար, կմնա չլուծված՝ միջազգային մեծ ներգրավվածության և աշխարհաքաղաքական շահարկումների պատճառով։ Մյուս կողմից, արաբական երկրները կշարունակեն կարգավորել հարաբերությունները Դամասկոսի հետ՝ ընդունելով Բաշար Ալ-Ասադի օրինակարգությունը, իսկ Արևմուտքի համար, որքան էլ անցանկալի, Ալ-Ասադի իշխանությունը կշարունակվի գիտակցվել որպես առկա իրողություն»,- եզրափակեց արաբագետը։