44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։
44-օրյա պատերազմ.
44-րդ օրվա գիշերը
Կեսգիշերին Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հուսահատ գրեց․
«Ստորագրեց… չհասցրեցինք։ Գաղտնի բոլորից, խաբեց մինչեւ վերջ։ Անմեղսունակ վիժվածքը գողացավ մեր անցյալը, ապականեց ներկան, որբացրեց հազարավոր երեխաների, որդեկորույս դարձրեց հազարավոր ծնողների, առոչինչ դարձրեց մեր հաղթանակը, լափեց մեր ապագան…
Ստորագրեց...
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ եւ ոհմակ...»։
Արցախի ԱԻՊԾ-ն գրեց, որ Ստեփանակերտը դարձյալ թշնամու թիրախում է․
«Խաղաղ բնակավայրերի եւ բնակչության ուղղությամբ չթույլատրվող զինատեսակներից կրակ բացելը` ռազմական հանցագործություն է։ Արցախի մայրաքաղաքը հրթիռակոծվում է։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։ Փրկարարները տարբեր հասցեներում կատարում են հրդեհաշիջման աշխատանքներ»։
Պատերազմի ավարտն արձանագրող եռակողմ հայտարարությունը ստորագրվել էր, բայց ռազմական գործողությունները եւ հրթիռակոծությունները շարունակվում էին։
Կայքերից մեկը հայտնեց, որ Արցախի ԱԽքարտուղար Սամվել Բաբայանը կեսգիշերն անց ժամանել է կառավարություն։
Քիչ անց Ս.Բաբայանը կբացահայտի, որ ցանկանում էր կանխել «դավաճանական գործընթացը»։
Եվս մեկ գրառում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանից․
«Ստորագրեց։ 7 շրջանները տվեց: Շուշին տողատակով տվեց: Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։44 օր բանակը հերոսաբար կռվում էր: Նիկոլն ու ոհմակը խաբում էին ժողովրդին, մոլորեցնում էին «հաղթանակի» մասին լուրերով, որպեսզի անեին սա:Փառահեղ հաղթանակից ծնկաչոք պարտություն՝ ընդամենը 2.5 տարում։
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ եւ ոհմակ...»։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ ճակատային գծի ամբողջ երկայնքով թշնամին կիրառում է հրետանի՝ նախապատրաստելով գրոհ զարգացնել Մարտունի-Կարմիր շուկա ուղղություններով:
«Ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում հակառակորդը հասցնում է հրթիռահրետանային հարվածներ եւ զանգվածաբար կիրառում հարվածային ԱԹՍ-ներ՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները եւ անգամ քաղաքացիական մարդատար ավտոմքենաները:ՊԲ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրավիճակին՝ համապատասխան քայլեր ձեռնարկելով իրադրության հետագա զարգացումը վերահսկողության տակ պահելու համար»,- գրել էր նա։
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան դրական է գնահատում այն, որ Բաքուն ընդունել է ռուսական ուղղաթիռի խոցման միջադեպի հետ կապված մեղքը, հավաստիացրել, որ օպերատիվ հետաքննություն կանցկացվի, եւ բոլոր մեղավորները կպատժվեն:
Կառավարության շենքից դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նրանք խուսափողական պատասխաններ են տվել լրագրողներին եւ արագորեն հեռացել։
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ անձամբ իր եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել․
«Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստն անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:
Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»:
Արդյո՞ք հոկտեմբերի 7-ին եւ 19-ին պատերազմն ավարտելուց հրաժարվելու որոշումը եւս նա կայացրել էր «ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում»։ Տարակուսանքն էլ դեռ փարատված չէ, եթե դա պարտություն չէր, հապա ի՞նչ էր։
Գրառում է արել նաեւ Արցախի նախագահ Ա.Հարությունյանը․
«Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ ԱԺ հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը»:
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը իր էջում ներկայացրել է վարչապետի գրառումը, որին կից գրել է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին հանդես կգա ուղերձով»։
Վարչապետի գրառման մեջ էլ կար այդ խոստումը, բացի այդ, մինչեւ «առաջիկա օրերը», Փաշինյանը հասցրեց բազմակի անգամ ուղերձներ հղել՝ լայվերով եւ գրառումներով, ընդ որում՝ ոչ սթափ վիճակում։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները Ղարաբաղում հրադադարի մասին համատեղ հայտարարություն են ստորագրել եւ հայտարարել ԼՂ հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների եւ կրակի լիարժեք դադարեցման մասին:
ՌԴ նախագահըհայտարարել է, որ ՌԴ-ն, Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվածություն են ձեռքբերել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին․
«Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները թույլ կտան կարգավորել խնդիրն արդարության հիմքով եւ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների շահերից ելնելով: Ղարաբաղում ադրբեջանական եւ հայկական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերում», ասել է Վլադիմիր Պուտինը:
Կառավարության շենքի դիմաց հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք բողոքում են Նիկոլ Փաշինյանի պատերազմը դադարեցնելու փաստաթղթում նշված կետերի դեմ:Նրանք վանկարկել են «Հողերը չենք հանձնելու» եւ բոլոր քաղաքացիներին կոչ են արել միանալ իրենց:NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարությանը հարող փողոցներում դեռեւս մի քանի ժամ առաջ ոստիկանական ուժեր էին կուտակվել:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաեւ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա:«ԼՂ շփման գծի երկայնքով եւ ԼՂ-ն ՀՀ-ին հետ կապող միջանցքի երկայնքով տեղակայվելու են ՌԴ խաղաղապահներ»,-նշել է նա:
Ըստ նրա՝ ԼՂ-ում մարտական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը ենթադրում է նաեւ ռազմագերիների եւ զոհվածների մարմինների եւ մյուս պահվող անձանց փոխանակում:
«Ապաարգելափակվում են տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերը: Տրանսպորտային հաղորդակցությունը հսկում են այդ թվում Ռուսաստանի սահմանային ծառայության մարմինները»,-հավելել է Պուտինը:
Կրեմլի կայքը հրապարակել է ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների համատեղհայտարարությանամբողջական տեքստը․
«Մենք ՝ Ադրբեջանի նախագահ Ի. Հ. Ալիեւը, Հայաստանի վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վ. Վ. Պուտինը, հայտարարել ենք հետեւյալի մասին:
1. Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Ադրբեջանը եւ Հայաստանը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա։
2. Աղդամի շրջանը եւ Ադրբեջանի Ղազախի շրջանում հայկական կողմից պահվող տարածքները ադրբեջանական կողմին են վերադարձվում մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 20-ը:
3. ԼՂ շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմ ՝ 1960-ական զինյալներ հրաձգային զենքով, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկա:
4. ՌԴ խաղաղապահ զորախումբը ծավալվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ հերթական 5-ամյա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
5. Հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով ստեղծվում է Հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն։
6. Հայաստանը մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Քելբաջարի շրջանն է վերադարձնում, իսկ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի ԼՂ կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի Շուշին:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի է Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ Հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։
Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտայինմիջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով:
7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են ԼՂ տարածք եւ հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
8. Կատարվում է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց ու զոհվածների դիակների փոխանակում:
9. Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի ԻՀ արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:
Կապահովվի Նախիջեւանը Ադրբեջանի արեւելյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրեց․
«Զորակոչված եմ։ Մի ամիս է՝ բանակում եմ։ Արդեն 21 օր է, ինչ հեռախոսս առգրավել եք:Ատամներս կռճտացնելով՝ այս օրերին լռել եմ՝ պահելով օրենքն ու աղոթելով Աստծուն։Այսօր լռելն այլեւս անհնար է, իմ խիղճն, պատիվն ու ուսադիրներները պարտադրում են ասել, որ ձեզ ամենավերջին քֆուրն էլ է քիչ, նզովքի ենթարկվեք սրա հետեւում կանգնած բոլորդ՝ ձեզ ղեկավարող վիժվածքներից մինչեւ վերջին անուղեղ հայվան։
Ներեք մեզ, տղերք, եթե կարող եք...
Սենց չի մնալու, չի կարող մնալ, չպիտի մնա»։
Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը գրեց․
«Ա'զգ հայոց, ժամեր առաջ տեղեկացա, որ ՀՀ վարչապետը Ադրբեջանի և ՌԴ նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարությունը։Շտապելով ՀՀ Կառավարություն' փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից' նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկներ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա...»:
Այդ ժամանակ Ս․Բաբայանը գործընթացը բնորոշում էր դավաճանական, ավելի ուշ՝ խուսափում նման որակումներից։
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրեց․
«Ես հիմա ԱԺ-ում եմ։ Անկախ կուսակցական պատկանելությունից կոչ եմ անում բոլոր պատգամավորներին շտապ գալ խորհրդարան։Պահանջում եմ, որ վարչապետը նույնպես ներկայանա ԱԺ:Մենք իրավունք չունենք վտանգել մեր պետության ներքին և արտաքին անվտանգությունը»։
«ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին, գրեց․
«Խաղաղապահներին ԻԼ-76 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխում են Ուլյանովսկի օդանավակայանից: Զորախմբիի հիմքը կկազմեն Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: Հրադադարը պահպանելու հսկողության համար ռուսական դիտակետեր կտեղակայվեն ԼՂ-ում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով, որը միավորում է ՀՀ-ն ու ԼՂ-ն: Խաղաղապահ գործողության հրամանատարությունը կտեղակայվի Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում:
Երեւանի Հանրապետության հրապարակում, ցուցարարները գրավել են կառավարության շենքը: Ոստիկանները դիմադրություն չեն ցուցաբերել:Ինքը՝ Փաշինյանը, եւ նրա նախարարները շենքում չեն եղել: Ուշ գիշերին, ի պատասխան սոցիալական ցանցերում ինքնաբուխ կոչերի, հազարավոր ցուցարարներ են հավաքվում Երեւանի կենտրոնական հրապարակում՝ բղավելով ամենատհաճ արտահայտությունները Փաշինյանի եւ, առհասարակ, իշխանությունների հասցեին: Դեռեւս քաղաքական ուժերը չեն միացել ցուցարարներին:
ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման եւ տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին պայմանավորվածությունը կապված չէ խոցված ռուսական Մի-24 ուղղաթիռի միջադեպի հետ:
«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ առաջ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեսաուղերձում հայտարարել է, որ իրենց բոլոր քայլերն այս ամբողջ ժամանակահատվածում բխել են մեկ հիմնական նպատակից՝ փրկել հայրենիքը, ամեն ինչ անել երկիրը պաշտպանելու համար։
«Մեր հայտնի հայտարարություններից հետո հետեւեց Նիկոլ Փաշինյանի լայվը, որտեղ ծանր փոխզիջումների մասին էր խոսում, որտեղ խոսեց ստեղծված իրավիճակի մասին, այս ամենը խիստ անհասկանալի էր։ Երբ մեր զինվորը կռվում էր սահմանին, նա մեկ օր առաջ կոչ էր անում կռվել, պայքարել հայրենիքի համար, հաջորդ օրը կոչ էր անում, որ մենք գնալու ենք ցավոտ զիջումների»,- ասել է նա։
Խոսելով հոկտեմբերի 19-ին արտախորհդարանական ուժերի հետ հանդիպման մասին, Ի.Սաղաթելյանն ասել է, որ Փաշինյանն ասել է, որ մենք կռվել չենք կարողանում. «Մի շարք մեղքեր բարդելով բանակի վրա, ասելով, որ մենք պետք է գնանք ծանր զիջումների, ներկայացրեց զիջումների մի պլան եւ ասաց, որ զինադադարին հասնելու համար սա ստեղծված իրավիճակից միակ ճանապարհն է։ Այդ հանդիպման ընթացքում ես հասկանալի լեզվով ներկայացրեցի ՀՅԴ-ի տեսկատեը եւ ասացի, որ սա Հայաստանի կործանման ճանապարհն է և դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի։ Մենք այդ ժամանակ դրա մասին հրապարակային չասացինք, որովհետեւ երկիրը պատերազմական դրության մեջ է և Փաշինյանը ինքը պետք է խոսի և հասարակությանը բացատրի իրավիճակը, բայց Փաշինյանը դա չարեց։ 35 օր պետական ողջ համակարգը խաբել ևւ ստել է ժողովրդին կեղծ տեղեկություններ տալով, երբ կորցրել էինք Ջաբրայիլը, Ֆիզուլին, Հադրութը, իրենք պնդում էին հակառակը եւ պնդում էին, որ հաղթել ենք։ Հոկտեմբերի 19-ին նա խոսում էր կապիտուլյացիայի մասին, ասում, թե բանակն ի վիճակի չէ կռվելու, բանակը մինչևւ այսօր, հենց այս պահին էլ կռվում է, այսինքն՝ ամեն ինչ հետեւողականանորեն արել են թիկունքը թուլացնելու համար ու դրան զուգահեռ փորձել են դավադիր ուժեր փնտրել։ Այս ամբողջ պրոցեսի մեջ կա մեկ դավադիր ուժ, դա այսօրվա քաղաքական իշխանությունն է»,- ընդգծել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
Ըստ նրա՝ օրեր առաջ, երբ Արցախի նախագահը հանդիպել էր ԱԺ ուժերի հետ, ասել, թե ելք չկա, պետք է կապիտուլյացիայի պայմանագիր կնքենք։
«Մենք դնում ենք այս իշխանությունների հեռացման պահանջը, որովհետևւ այս իշխանությունը այդ թիկունքը թուլացնողն է։ Րոպե առաջ սրանք պետք է հեռանան, Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն»,- եզրափակել է նա։
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Կենտրոնական ռազմական շրջանի խաղաղապահները մեկնել են օդակայան Ղարաբաղ ուղեւորվելու համար:Նշվել է, որ օդակայան ժամանելուն պես խաղաղապահ ստորաբաժանման կազմը կտեղավորի տեխնիկան եւ ռազմամթերքը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի վերահսկման խնդիրները կատարելու համար:
Կառավարություն մտած քաղաքացիները պարբերաբար բացականչել են․
«Ով է թույլ տվել քեզ ինչ-որ բան ստորագրել, պետք է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, չեղարկել նրա ստորագրած բոլոր փաստաթղթերը»:
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել է, որ առավելագույնը, ինչ փորձում են այս պահին անել, դա հանգստացնելն է հազարավոր հայրենակիցներին, որոնք ունեն օբյեկտիվ ցասում. «Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց երեխաները ամուսինները ընկել են մարտի դաշտում և գրչի մեկ հարվածով կայացվել է որոշում հողերի, Շուշիի հանձնման: Այն, որ այսօր մեր պատմության ամենաամոթալի էջն է գրվել, որը չի ներվելու, ես վստահ եմ հանրությունը պարզապես չի ներելու այսօրվա արարքի համար օրվա իշխանություններին»,- ասել է նա և նշել, որ հրաժարականը նվազագույնն է ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը:
ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունները կատարվեն: Այնուհետեւ եթերում ցուցադրվել են փաստաթուղթը ստորագրելու կադրեր: Եզրափակելով գործընթացը՝ Պուտինն ամենայն բարիք է մաղթել բոլոր մարդկանց, ժողովուրդներին, որոնք ապրում են այդ տարածքներում:
«Ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք ձեզ հետ արել ենք բարի գործ եւ ստեղծել լավ բազային պայմաններ այդ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ զարգացման համար՝ ի բարօրություն մարդկանց, որոնք բնակվում են այդ տարածքներում, ի բարօրություն Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդների»,-ասել է Պուտինը, նաեւ հույս հայտնել, որ ձեռքբերված պայմանավորվածությունները վերջ կդնեն բազմամյա հակամարտությանը, կստեղծեն պայմաններ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման համար:
Կառավարությունից բացի, ցուցարարները գրավել են նաեւԱզգային ժողովի շենքը։ Համանցանցում տարածված տեսանյութից երեւում է, որ ցուցարարները շրջափակել են Արարատ Միրզոյանին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են բերել նրան մեքենայից, վիրավորանքներ ու հայհոյանքներ են հնչեցրել նրա հասցեին, ապա դաժան ծեծի ենթարկել:
Ցուցարարները մտել են Ազգային ժողովի նիստերի դահլիճ: Ցուցարարները, ի թիվս այլ պահանջների, ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այդ պահին ԱԺ-ում էին նաեւ ԼՀԿ խմբակցության պատգամավորները: Մեծ թվով ցուցարարներ հավաքվել են նաեւ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան:
Էդմոն Մարուքյանը գրեց, որ պետք է հստակ որոշումներ ընդունել, իսկ դրանք կարող է ընդունել միայն Ազգային ժողովը.
«Պետք է դրսում կանգնած քաղաքացիներին խնդրեմ պրովոկացիայի չենթարկվել, թույլ տալ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները գան խորհրդարան։ Ոչ լեգիտիմ ճանապարհով արված յուրաքանչյուր քայլ ապագա չի ունենա, երկիրը քաոսում կհայտնվի, մենք չենք կարող նման «շռայլություններ» թույլ տալ մեզ»։
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվ մտավ ու հայտարարեց․
«Ստեղծված իրավիճակում այլ բան որոշելու հնարավորություն ուղղակի չկար։ Այսօր նրանք, ովքեր ջարդուփշուրներ են անում, նրանք հիմա թիկունքից հարվածում են դիրքերում կանգնող մեր տղաներին։ Այսօր ընդդիմադիր մի քաղաքական գործիչ կա, որն իմ հրաժարականն է նաեւ պահանջել, երեկ չէ առաջին օրը թողել է Շոշի դիրքերն ու փախել, գեներալի ուսադիրներով, էսօր եկել ու ասում է՝ մենք մեր բանակի կողքը կանգնած ենք, բա ինչի՞ ա փախել։ Ես համոզված եմ՝ այսօրվա կազմակերպիչների մեջ կան նաեւ այդպիսի մարդիկ։ Այսօր ինձ ասացին, որ այս դեբոշներ սարքողների մեջ կան օրինակ՝ օլիգարխների հանցավոր խմբեր, էդ էն մարդիկ են, որոնք 20 տարի գողացել են զինվորից, բանակից, 20 տարի հարկ չեն վճարել, էսօր եկել են ազգի ու դավաճանության մասին են խոսում։ Էդ մարդիկ ի՞նչ գործ ունեն Երեւանում, Արցախի նախագահի կոչերը չեն լսե՞լ, Շուշին վտանգված լինելու մասին կոչերը չե՞ն լսել, օգնելու աղաղակները չե՞ն լսել. ինչ գործ ունեն Երեւանում կամուֆլաժով, մեկը կարա՞ ինձ բացատրի։ Պատեհ առիթ է իրենց համար դուրս են եկել իրենց թալանածը պաշտպանելո՞ւ։Էսօր գիտե՞ք ինչի համար են այդպես ազատ մտնում այստեղ-այնտեղ ջարդուփշուր անում, որովհետեւ ինչքան ոստիկան կա, ինչքան ԱԱԾ կա, ինչքան ՊՊԾ կա դիրքերում են, որդիս էլ է դիրքերում, իմ կինն էլ է դիրքերում, եւ ես հպարտ եմ դրա համար։
Պետք է հասկանանք մի բան, որ մեր փառապանծ բանակն այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրոդ բանակի եւ Ադրբեջանի դեմ։ Ինչու չենք կարողացել այնպես անել, որ այսօրվա թուղթն ուրիշ բովանդակություն ունենա, որովհետեւ 25 տարի սեղանի շուրջ խմել ենք մեր զինվորի, բանակի կենացը եւ այդ օղին, գինին, սեղանի դրված հացը, որոշ մարդկանց մասին է խոսքը, գնված է եղել գողացած փողով։ (Այս խոսքերը ասելիս նրա խոսքից ու պահվածքից դատելով, նա մեծ ծավալի ալկոհոլ էր ընդունել, ինչըհիմնավորվել է բազմաթիվ վկայություններով՝ NEWS.am)։Մենք իմացել ենք, որ գողացած փողով է գնված այդ հացը, բայց ախորժակով կերել ենք, հավեսով խմել ենք, հոտնկայս խմել ենք զինվորի կենացը, զինվորին պահել ենք թերմացքներով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով, մեր հույսն այն է եղել, որ բանակցային գործընթացում կռուտիտ կլինենք. լավ, 5 տարի կռուտիտ եղար, 10 տարի կռուտիտ եղար, 15 տարի կռուտիտ եղար, ինչքա՞ն կարելի է կռուտիտ լինել, դրա վերջն ի վերջո գալիս է։ Երբ դու այդ վերջի մասին չես մտածում, եւ բոլորս այդ վերջի մասին չենք մտածել։
Նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր էին մտածել, չեն մտածել, մենք էլ կողքից չենք արձանագրել, որ մենք գլորվում ենք էս օրը։ Ես իմացել եմ դա, որովհետեւ առաջին օրից տեղեկացել եմ բանակցային բովանդակությանը։ Բանակցային բովանդակությանը մի վիճակում, որտեղ կռուտիտների բոլոր ռեսուրսներն այլեւ սպառված են։ Այսօր այդ դեբոշ անողների մեջ այդ շրջանակների ներկայացուցիչներ էլ կան։Եվ ես ինչ եմ արել, ոչ թե գնացել եւ այդ բանակցային ժառանգությունը վերցրել եւ ասել եմ՝ ես հիմա կանեմ այդ ժառանգության արդյունքները, այլ ես փորձել եմ պատրաստվել այս օրվան։ Ամեն ինչ արել եմ դրա համար, ինչ հնարավոր էր անել 2,5 տարում եւ մեր բանակը 44 օր պատվով կռվում է՝ կրելով անթիվ զրկանքներ։
Ես խնդրում եմ բոլոր քաղաքացիներին՝ տուրք չտալ ջարդարարների խմբերին։ Ես իմացա արդեն այնտեղ ովքեր են, հայտնի կուսակցական շրջանակներ։ Մարդ կա այդ կուսակցական շրջանակներից, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը 80 միլիարդ դրամի պարտավորություն ունի, որը պետք է դառնար զենք, տեխնիկա, գիտություն, ԱԹՍ։ Այսինքն՝ դա ավելին է, քան «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած փողը։ Այդ մարդիկ 2,5 տարի լցվել են՝ ատամները կռճտացնելով, թե ոնց եղավ, մեր թալանելու հնարավորությունները կորցրեցինք։ Այո, ես ընդունում եմ, որ մենք այդ 2,5 տարվա ընթացքում չենք արել այն չափի կոռուպցիոն գումարների վերադարձ, որ պետք է անեինք։ Մենք փորձում ենք ամեն ինչ անել օրինական մեթոդներով։ 25 տարի ՀՀ օրենքները գրվել են այնպես, որովհետեւ կոռուպցիոն համակարգ է գործել, որ առաջին հերթին պաշտպանեն կոռուպցիոն համակարգը։(…) Ես՝ ինքս, մեր Կառավարությունը, մեր իշխանության ներկայացուցիչները հնարավոր ամեն ինչ արել ենք, որ մենք այսպիսի արդյունքի չհանգենք։ (...) Այսօր մենք մարզպետների ջոկատներ ունենք, որոնք դիրքերում կանգնած են։ Ընդ որում, մի մասը ջերմության մեջ են։ Գիտե՞ք իրենք ինչու են դիրքերում ջերմության մեջ կանգնած, որովհետեւ այսօր դեբոշ անող որոշ մարդիկ չեն գնում եւ չեն գնացել իրենց դիրքում փոխարինելու։ Մարդն ինչքա՞ն կարող է կանգնել։ Այսօրվա հանցագործության բոլոր կազմակերպիչները ենթարկվելու են խստագույն պատասխանատվության։ Դիրքերից փախածները, որոնք գնում են «Ֆեյսբուքում» նկարվում են, հետո երբ մարտական իրավիճակ է լինում, արագ թողում ու փախչում են, գալիս են Երեւանում ընդդիմադիր ճառ ասելու»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայվից հետո էլ նաեւ գրել է․
«Բոլոր այն քաղաքացիներին, որոնք կապ չունեն ջարդարարների հետ, խնդրում եմ գնալ տուն։Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմացու գողացող մկների։Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է․
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում»։
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերի ժամանակ հայտնել էր, որայդ պահին Արարատ Միրզոյանը վիրահատվում է.
«Խնդրում եմ նաեւ ձեր զորակցության խոսքերն ասել ԱԺ նախագահին, ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանին: Ձեր զորակցությունը հայտնեք նրա ընտանիքին: Արարատ ջան, Գոհար ջան, Արփի ջան, Սամվել ջան, գրկում եմ բոլորիդ ու համբուրում եմ, ամեն ինչ լավ է լինելու: Չկասկածեք եւ չմտածեք: Դուխով: Լավ եղեք: Արարատ Միրզոյանը եւ մեր քաղաքական թիմի բազմաթիվ ներկայացուցիչներ, արտասվելով են ընդունել այս ամեն ինչը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, ծնկի եմ գալիս մեր բոլոր նահատակների առջեւ»:
Ադրբեջանի նախագահը նշել է Ռուսաստանի հատուկ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եւ շնորհակալություն հայտնել Վլադիմիր Պուտինին անձամբ մասնակցելու համար:
«Այն, որ այսօր երեք երկրների ղեկավարները ստորագրում են այս փաստաթուղթը, խոսում է այս հակամարտության կարգավորման հարցում ՌԴ հատուկ դերի մասին»,- ասել է նա:
ՀՀ ՊՆ-նհայտարարել է, որ ս.թ. նոյեմբերի 10-ի ժամը 05։00-ից սկսած, ՀՀ ԶՈՒ-ն, ՌԴ ԶՈՒ-ի հետ համատեղ, իրականացնելու է ՀՀ վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված համաձայնության դրույթների կատարումը՝ վերաբերող մասով։
«Ինտերֆաքսը» հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունները նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համար դիտորդական համատեղ կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիր կստորագրեն, հաղորդում է ` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
Դիտորդական կորպուսի աշխատանքը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հինգերորդ կետով:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադրի Ավետիք Չալաբյանը գրել է.
«Մեր թիկունքում տեղի է ունեցել դավադրություն, որը վաղուց էր պատրաստվում, ունի խորը արմատներ, և որը հանգեցրեց նրան, որ հաղթանակին հավատող և հերոսաբար կռվող ժողովուրդն ու բանակը կանգնեցվեցին փաստի առաջ։Ժամանակը և պատմությունը կբացահայտի բոլոր դավադիրներին, թեև հիմա էլ շատ բան պարզ է»։
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում նորից գրել է, թե իր թիմում բոլորն արցունքն աչքերին են ընդունել եռակողմ համաձայնագիրը, նա նաեւ վրեժի կոչ է արել.
«Արարատ Միրզոյանն այն մարդկանցից մեկն է, որն արցունքն աչքերին է դիմավորել կամ ընդունել, կամ չի էլ ընդունել այս ամեն ինչը, այս որոշումը: Մեր քաղաքական թիմում այդպիսի մարդ չկա, որ արտասվելով չի ընդունել այս ամենը եւ ինչ-որ ստահակներ հարձակվում են Արարատ Միրզոյանի վրա եւ իր երեխայի վրա: Ինչ-որ ստահակ, որը երեւի վերջին 2 տարվա մեջ մարդ ծեծելու հագուրդը չէր կարողացել բավարարել, հարձակվում է այդ մարդու վրա ու մտածում է, որ մարսելո՞ւ է: Բացառված է:Ես բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում, ես իրենց կոչ եմ անում վրեժի: Այս կոռուպցիոներ ստահակ օլիգարխների հետ, այո, մենք ճիշտ չենք վարվել: Էս երկիրը թալանածներին, զինվորի հացը, զինվորի զենքը գողացածներին, քաղաքացու արժանապատվությունը գողացածների նկատմամբ մենք ճիշտ չենք վարվել: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Էդ տականքներին: Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, ես կոչ եմ անում պատրաստվել վրեժի, որովհետեւ մեր զինվորների վրեժը մենք դրանցից պետք է հանենք: Մեր կորսված հայրենիքի վրեժը մենք դրանցից պետք է հանենք:
Էդ Հանրապետական, ԲՀԿ-ական թալանչիներին, էդ «Հայրենիքի» դասալիքին, որ դիրքը թողել, փախել է, դասալքության համար պետք է դատվի: Էսօր մտնում են մարզպետարաններ, էդ մղնձամոլիբդենային կոմբինատի եսիմ ովքեր, որ էս երկիրը թալանել են, ազգային հարստությունը թալանել են, մտածում են՝ իրենց ժամանակը եկե՞լ է: Իրենց ժամանակը չի գալու, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը:
Էդ հայրենիք ծախողները մտածում են, որ կարող են հայրենիքի բեռը մեր վրա թողնե՞ն: Բացառված է: Ես ՀՀ բոլոր արժանապատիվ քաղաքացիներին կոչ եմ անում պատրաստ լինել, որ գնալու ենք իրանց հետեւից, էսօրվա դեբոշիրների հետեւից հատ-հատ, եւ իրենց շեֆերի հետեւից: Դաշնակցության կոռուպցիոն հատվածի հետեւից: Ինչու եմ ասում կոռուպցիոն հատվածի, որովհետեւ այնտեղ մարդիկ կան, որ ինչքան էլ համաձայն չլինեմ, չեմ կարող ուրանալ ինչ-որ բաներ:
(…) Այդ հայրենիք ծախողները, էդ ազատագրված տարածքները փողով ծախողները, դրա առիթով, իմիջիայլոց, քրեական գործ կա հարուցված: Հանկարծ չմտածեն, թե այս ծխածածկույթի տակ հաջողելու են: Բացառված է: Ձեր դղյակները վերադարձվելու են ժողովրդին:
Իմիջիայլոց, այդ ապօրինի գույքի բռնագանձման օրենքով ամբողջ ապօրինի գույքը վերադարձվելու է:
Ես կոչ եմ անում այն քաղաքացիներին, որոնք դատապարտում են էսօրվա դեբոշը, հրապարակային արտահայտվել, մի վախեցեք, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դուք եք էս երկրում տերը: Էդ հանցագործ բանդաները չեն, օլիգարխների մերձկուսակցական դասալիքների եւ կոռումպացված թափթփուկի:
Մտնում են մարզպետարաններ, մեր մարզպետները դիրքերում կանգնած են եղել, թոքաբորբով ջոկատներով: Իսկ էս չաղ տղերքը չէին գնում, որ իրենց փոխարինեն: Էս պատմությունը, ուրիշ բան հանկարծ չփնտրեք: Ում էլ զոռով տանում էինք, արագության մեջ փախնում էին, արագության մեջ փախչում էին առաջնագծերից, ձեզ հայտնի ընդդիմադիրի նման»:
Լայվի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գրառումներ է արել.
«Հա ի դեպ, երբ երկրի իրավապահ համակարգի մեծ մասը առաջնագծում էր, որոշ թափթփուկներ թիկունքում հանցավոր-ջարդարար բրիգադներ էին հավաքում։
Դասալիք-ստահակներ»:
«Ջարդարար օլիգարխների եւ մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքը ազգայնացնել»:
«Հայոց կառավարությունը եւ բանակը միասնական են եւ կապված մարտական կուռ եղբայրությամբ»:
«Իմ կինը եւ որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչո՞ւ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել»:
«Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել եւ պարզել՝ նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ»:
ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը գրել է.
«Ազգային փրկության կոմիտեի կամ էլ Պետական պաշտպանության կոմիտեի ձևավորումը կյանքի և օրենքի պահանջ է։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։ Միանձնյա ու առանց պետական ինստիտուտների որոշումները չեն կարող ունենալ ազգային որևէ հիմք: Աստված պահապան հայ զինվորին»։
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է, որ անհայտ անձինք հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակի վրա, վնասել լրատվամիջոցի գույքը և տեխնիկան, նախնական տվյալներով հարձակում է եղել նաև լրատվամիջոցի աշխատակիցների վրա: ՀԺՄ-ն դատապարտել է հարձակումը։
ՌԴ ՊՆ հաղորդագրությունը. «ՌԴ-ն Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) կսկսի խաղաղապահ զորակազմ տեղակայել ԼՂհակամարտության գոտում` Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է․
«Հայեր, գոնե հիմա իրար միս մի կերեք։ Դավաճանն իր կեղտոտ գործն արեց, թռավ՝ թողնելով բախտի քմահաճույքին նույնիսկ իր մոտիկներին, բայց ինչ-որ տեղից շարունակում է մեզ պառակտել։ Էդ թույնը մի խմեք, իրար մի կերեք, սթափվեք, հայեր ջան։ Հիմա միայն միասնությունն է մեզ օգնելու»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հանդիպել է ԲՀԿ, «Հայրենիք», ՀՅԴկուսակցությունների ղեկավարների հետ։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։ Մասնակիցները կարևորել են երկրի կայունությունը, պետությունը ցնցումներից զերծ պահելը։
«Կոչով դիմում ենք մեր ժողովրդին՝ հորդորում պահպանել հանդարտություն և հանգստություն․ մենք դեռ պատերազմի մեջ ենք։Քաղաքական ուժերն իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈւ-ին, Արցախի ՊԲ-ին»։
Օրեր առաջ Ի.Սաղաթելյանը բացահայտեց, որ Օնիկ Գասպարյանը հորդորել է ակտիվ գործողություններ չձեռնարկել, նա 3 օր ժամանակ է խնդրել ճակատում զորքերի տեղաշարժն ու ՌԴ խաղաղապահների հետ ճակատային գիծն ուղղելու, հստակեցնելու համար։ Ավելացնենք, որ ոչ սթափ վիճակում գտնվող Փաշինյանն իր լայվերն ու գրառումներն, ըստ հավաստի աղբյուրների, անում էր հենց ԶՈւ ԳՇ «բունկերից»:
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «որպես իրավապաշտպան՝ խստորեն դատապարտել է Ն.Փաշինյանի վերջին գրառումը.
«Այն ըստ էության քաղաքացիական պատերազմի կոչ է։ Հարգելի քաղաքական ուժեր, հարգելի 17: Դուք վերջին պահին փորձում էիք պատասխանատվություն ստանձնել ու փոխել ընթացքը ազգային աղետի։ Խնդրում եմ, նորից ստանձնեք պատասխանատվություն, խոսեք մարդկանց հետ, փորձեք դադարեցնել այս մղձավանջը, փորձեք վերականգնել Սահմանադրական կարգը»,-նշել է նա:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կոչ է արել բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։
«Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն:Անընդունելի, դատապարտելի է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ կիրառված բռնությունը ու այն էլ, ինչպես նշված է, այն պայմաններում, երբ երեխան է եղել մեքենայի մեջ: Դատապարտելի է այն, որ հարձակման է ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի երևանյան գրասենյակը: Յուրաքանչյուրս պետք է գիտակցենք ամեն պահ, որ մենք ունենք պետություն, որտեղ գործում են օրենքներ:Մեր այդ պետականությունն են հիմա պաշտպանում մեր հերոս զինվորները սահմանին:Աստված պահապան մեր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին»:
Հայաստանի ՊՆ-ն եւ ԶՈւ ԳՇ-ն հայտարարություն են հրապարակել.
«(...)Մեր բանակն արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
(...)Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։
ՊՆ-ն ու ԶՈւ ԳՇ-ն այս հայտարարությունը տարածել են առավոտյան 8-ին։ Հետպատերազմյան ցնցումն ապրող երկրի առաջին օրվա բուռն իրադարձությունները՝ հաջորդիվ։



























