Գերմանիայի հարավային սահմանից մինչեւ Աֆրիկայի ամենաբարձր գագաթները սառցադաշտերն ամբողջ աշխարհում եկամտաբեր զբոսաշրջային վայրեր, բնական կլիմայական օբյեկտներ են ծառայել գիտնականների համար, ինչպես նաեւ եղել են հավատալիքների փարոսներ բնիկ ժողովուրդների համար, տեղեկացնում է AP-ը։
Քանի որ շատ սառցադաշտեր սրընթաց հալչում են կլիմայի փոփոխության պատճառով, սառցե վահանների անհետացումը անպայման հարված կհասցնի այն երկրներին եւ հանրույթներին, որոնք սերունդներ շարունակ հենվել են դրանց վրա էլեկտրականության արտադրության, այցելուներ ներգրավելու եւ հնագույն հոգեւոր ավանդույթները պահպանելու հարցերում։
Սառցե զանգվածները, որոնք գոյացել են հազարամյակների ընթացքում խտացված ձնից, հալչում են արդյունաբերական հեղափոխության ժամանակներից, գործընթաց, որը արագացավ վերջին տարիներին։
Այս երեւույթը կարելի է տեսնել Աֆրիկայում, Ուգանդայի եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին, որտեղ Ռուվենզորի լեռների գագաթները խոյանում են երկինք կանաչ ջունգլիների ֆոնին։ Մի ժամանակ դրանց գագաթներին ավելի քան 40 սառցադաշտ կար, բայց 2005թ. մնացել էր կեսից էլ քիչ, իսկ դրանք շարունակում են հալչել։ Փորձագետները կարծում են, որ լեռնային սառցադաշտերից վերջինը կարող է անհետանալ 20 տարվա ընթացքում։
Անհետացումը նշանակում է խնդիրներ դեպի ծով ելք չունեցող Ուգանդայի համար, որն իր էներգիայի գրեթե կեսն ստանում է ի հաշիվ հիդրոէլեկտրաէներգիայի, ներառյալ էլեկտրակայանները, որոնք կախված են Ռուվենզորի լեռների մշտական ջրհոսից։
Մյուս մայրցամաքում, Ավստրիայի հետ Գերմանիայի հարավային սահմանին հինգ սառցադաշտերում միասին վերցրած մնում է միայն կես քառակուսի կիլոմետր սառույց։ Փորձագետների գնահատականներով՝ դա 88 տոկոսով ավելի քիչ է, քան մոտ 1850 տարի գոյություն ունեցող սառույցի քանակությունը, եւ որ մնացած սառցադաշտերը կհալչեն 10-15 տարի անց։
«Սրանք վատ նորություններ են տարածաշրջանային զբոսաշրջային արդյունաբերության համար, որը հենվում է սառցադաշտերի վրա»,- ասել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի եւ Մյունխենի հումանիտար գիտությունների երկրաբաշխության եւ սառցաբանության խմբի ավագ գիտաշխատող Քրիսթոֆ Մայերը։
Նույն խնդիրն առկա է նաեւ Տանզանիայում, որտեղ, փորձագետների գնահատականներով, Կիլիմանջարոն՝ Աֆրիկայի ամենաբարձր լեռը եւ երկրի զբոսաշրջային ամենագլխավոր վայրերից մեկը, կորցրել է սառցադաշտերի մոտ 90 տոկոսը հալչելու պատճառով։ 2019թ. ճանապարհորդություններին եւ տուրիզմին բաժին էր ընկնում երկրի ՀՆԱ 10,7 տոկոսը։
Ավստրիայի Ինսբրուքի համալսարանի սառցագետ Ռայներ Պրինցի խոսքով՝ կան աննյութական կորուստներ բնիկ շատ համայնքների համար, որոնք ապրում են սառցադաշտերի տեսանելիության տարածքում։
Տեղի բնակչության պատմության մեջ «սառույցը լեռներում աստծո բնակավայրն է։ Այն ունի հոգեւոր կարեւոր նշանակություն»,- ասել է նա։ «Ես կարծում եմ, որ սառցադաշտերի կորուստը կազդի նաեւ հոգեւոր կյանքի վրա»։
2010թ. Ինդոնեզիայում, Պապուա նահանգի արեւմտյան Քարսթենս սառցադաշտում հետազոտական ուղեւորության ժամանակ օվկիանոսագետ Դվի Ռադեն Սուսանտոն այն թիմի անդամն էր, որը լեռնահանքի նմուշ էր վերցրել հեռավոր սառցադաշտերից։ Բայց հենց որ նմուշը վերցվել էր, ըստ Սուսանտոյի, գիտնականներն անմիջապես հասկացել էին, որ սառցի արագ փոքրացումը թույլ է տվել իրենց ստանալ պաշարներ, որոնք վերաբերել են միայն 1960-ական թվականներին։ «Տխուր է, որովհետեւ Ինդոնեզիայի համար դա ոչ միայն տեղի կամ ազգային ժառանգության կորուստ է, այլեւ կլիմայական ժառանգության կորուստ ամբողջ աշխարհի համար»,- ասել է Սուսանտոն։
Փորձագետների խոսքով՝ սառցադաշտերի անհետացմամբ կսկսեն փոխվել նաեւ տեղի էկոհամակարգերը, դա արդեն ուսումնասիրվում է Վենեսուելայի Հումբոլդտի սառցադաշտում, որը կարող է անհետանալ հաջորդ երկու տասնամյակի ընթացքում։
Սառցադաշտերի արագ հալչելը կհանգեցնի նաեւ ծովի մակարդակի բարձրացման եւ եղանակային պայմանների փոփոխության, իսկ դա անպայման կազդի հասարակության վրա գլոբալ մակարդակով։ «Ոչ մեծ սառցադաշտերի անհետացումը իսկապես նախազգուշացնող նշան է այն բանի, թե ինչ է սպասվում ապագայում»։





























