Եվրոպայում հազարավոր մարդիկ բողոքում են ընդդեմ կարանտինի միջոցառումների եւ պատվաստման կանոնների մի քանի եվրոպական մայրաքաղաքներում, գրում է PA-ն:
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը հայտարարել է, որ մարդիկ ընդդիմանում են պատվաստումներին մի քանի երկրներում իրենց կառավարություններին չվստահելու պատճառով: Նրա խոսքով՝ չնայած որոշ երկրներում սահմանվել են այնպիսի միջոցներ, ինչպես պարտադիր պատվաստումը, ավելի խիստ սահմանափակումները կարող են հետագայում հրահրել ավելի մեծ դիմադրություն:
Այդ արդյունքն արդեն նկատվել է մի քանի երկրներում նախորդ հանգստյան օրերին. Վիեննայում պարտադիր պատվաստումների պատճառով բռնությունից մինչեւ անկարգություններ Ռոտերդամում առաջիկայում սահմանվելիք կարանտինի դեմ:
Նիդերլանդներ
Ռոտերդամի քաղաքապետ Ահմեդ Աբալեբը դատապարտել է բռնությունն ուրբաթ տեղի ունեցած ցուցադրությունների ժամանակ, որոնց հետեւանքով յոթ մարդ վիրավորվել է եւ ավելի քան 20 մարդ ձերբակալվել:
Հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ ի նշան բողոքի ընդդեմ նոր երեք շաբաթ տեւողությամբ մասնակի մեկուսացման, «պատվաստման անցագիր» սահմանելու ծրագրերի եւ ամանորյա հրավառության արգելքի:
Ցուցարարները քարեր եւ պայթուցիկ նյութեր են նետել սպաների ուղղությամբ, հրկիզել ոստիկանների մեքենաները, իսկ ոստիկանությունը պատասխան կրակ է բացել եւ վիրավորել է առնվազն երկու մարդու:
Հաջորդ գիշեր հազարավոր մարդիկ հավաքվել են Ամստերդամի կենտրոնական հրապարակում՝ չնայած նրան, որ կազմակերպիչները չեղարկել էին բողոքի ակցիան, եւս հարյուրավոր մարդիկ քայլերթ են կազմակերպել Բրեդ հարավային քաղաքում:
Ավստրիա
Երբ վերջին շաբաթներին ամեն օր վարակի հետեւանքով զոհերի թվի աճ է գրանցվել, կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է նոր կարանտինի մասին, որը կարող է տեւել մինչեւ 20 օր՝ սկսած երկուշաբթի օրվանից:
Կառավարությունը նաեւ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումները պարտադիր կլինեն փետրվարի 1-ից, քանի որ դեռեւս պատվաստվել է բնակչության միայն 66 տոկոսը:
Շուրջ 35 000 ցուցարար, որոնց մեծամասնությունը պատկանում է ծայրահեղ աջակողմյա խմբավորումներին, քայլել է Վիեննայի փողոցներում լապտերներով եւ «Իմ մարմինը, իմ ընտրությունը» գրությամբ պաստառներով, որպեսզի արտահայտի իր զայրույթը, մինչդեռ մյուսներն այրել են բժշկական դիմակները:
Ոստիկանությունը հայտնել է, որ մի քանի ցուցարար բերման է ենթարկվել, սակայն չի նշել հստակ թվերը:
Շվեյցարիա
Երկրի հանրային առողջապահության դաշնային վարչության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվելու դեպքերը նաեւ կտրուկ աճել են Շվեյցարիայում, որտեղ բնակչության շուրջ 65 տոկոսն է ներկայում ամբողջովին պատվաստված:
Նոյեմբերի 28-ին երկրում կանցկացվի քվեարկություն շվեյցարական Covid հավաստագրերի շուրջ, որոնք կարող են պարտադիր դառնալ որոշակի հանրային վայրեր մուտք գործելու համար պատվաստման կարգավիճակի կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքն ապացուցելու հիման վրա:
Շաբաթ հազարավոր մարդիկ հավաքվել էին Ցյուրիխի եւ Լոզանի փողոցներում՝ ի նշան բողոքի այդ քաղաքականության, այդ թվում՝ հավաստագրերի դեմ:
Բեռնում նախորդ բողոքի ցույցերը վերաճել են բռնության, սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին ցույցերն ունեցել են խաղաղ ընթացք:
Խորվաթիա
Պատվաստման դեմ տրամադրությունները, թերեւս, ամենաուժգինն են Խորվաթիայում, որտեղ բնակչության շուրջ 48,4 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, իսկ վարակվածների թիվը կտրուկ աճել է վերջին շաբաթներին:
Չնայած նրան, որ երկիրը փակ է, դիմակները մնում են պարտադիր բոլոր հանրային փակ ու բացօթյա տարածքներում, որտեղ չեն կարող պահպանվել մինչեւ 1,5 մետր սոցիալական հեռավորության սկզբունքները:
Շաբաթ հազարավոր մարդիկ հավաքվել էին մայրաքաղաք Զագրեբում պատվաստման եւ մարդկանց ազատությունները սահմանափակելու դեմ պաստառներով:





























