Առնվազն 41 մարդ է զոհվել, ավելի քան 100 բնակիչ անհետ կորել է Հնդկաստանի հարավարեւելյան Անդհրա Պրադեշ նահանգում հորդառատ անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով, փոխանցում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Times of India թերթին:
Հորդառատ անձրեւները, որոնք սկսվել են նոյեմբերի 18-ի երեկոյան, խաթարել են բնականոն կյանքը Ռայալասիմա եւ Նելլոր շրջաններում, որտեղ 1316 գյուղ է հեղեղվել։ Ջրհեղեղները Տիրուպատի քաղաքը կտրել են արտաքին աշխարհից, որի հետ փլուզվող կամուրջների պատճառով ընդհատվել է երկաթուղային եւ ճանապարհային կապը։
Տուժած շրջաններում իշխանությունները փրկարարական աշխատանքներ են իրականացնում: Դրանց մասնակցում են ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ եւ աղետների կառավարման ծառայություններ։
Անդհրա Պրադեշի կառավարությունը հայտարարել է զոհերի ընտանիքներին 500 հազար ռուփի (մոտ 6,7 հազար դոլար) վճարելու մասին։





























