Երեւանում տեղի ունեցող Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի լիագումար նիստին մասնակցել է 102 երկրների 290 ներկայացուցիչ:

Այսօր` հուլիսի 12-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի նախագահ Բոուդվին Վերհելստին եւ գործադիր քարտուղար Բրոնվին Սոմերվիլին, ովքեր Երեւան են ժամանել Էգմոնտ խմբի 19-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Հանրապետության ղեկավարը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում` բարձր գնահատելով այդ կառույցի աշխատանքն ուղղված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի միավորմանը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերոնշյալ երեւույթները սահմաններ չեն ճանաչում, հետեւաբար դրանց դեմ պայքարը պահանջում է հավաքական ջանքեր: Նախագահը մաղթել է նիստին արդյունավետ աշխատանք: