ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թուրք գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Օբաման ողջունել է Թուրքիայի ներդրած ուժերը, եւ երկու առաջնորդները պայմանավորվել են այս դժվար շրջանում ուժեղացնել փոխգործակցությունը։

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի նախագահների երկխոսությունը համընկել է Աֆղանստանում ամերիկյան գործողությունների ֆինանսավորումն ավելացնելու մտադրության, ինչպես նաեւ այդ երկրում զինուժի զգալի ավելացման ծրագրերին։

Օբաման եւ Գյուլը քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում ձեռք բերված «պատմական առաջընթացը» եւ «այդ կարեւոր հարցում ջանքերի ավելացումը»,- հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

Երկու երկրների նախագահները շոշափել են նաեւ կիպրական հարցի կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ Բոսնիայի եւ Հերցոգովինայի կայունության ապահովման հարցերը։ Աղբյուրը չի հայտնել, թե խոսե՞լ են արդյոք երկու երկրների նախագահները ռազմավարական երկու համախոհների՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ ծագած խնդիրների մասին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան մի ներկայացուցիչ, ով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը Ցյուրիխ էր ժամանել Հիլլարի Քլինթոնի գլխավորած ամերիկյան պատվիրակության կազմում, անհայտ մնալու պայմանով հայտնել էր Associated Press-ին, որ «ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական սահմանի բացման գործում՝ առաջին հերթին նրա համար, որ հնարավորություն ունենա դեպի Աֆղանստան նոր միջանցք բացել»։

Նախօրեին եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ով ցանկացել է անհայտ մնալ, NEWS.am-ի թղթակցի հետ զրուցում հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպմանը մտադիր է կրկին հայտարարել հայ-թուրքական արձանագրությունների շուտափույթ վավերացման մասին, որոնք ստորագրվել էին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում։ Աղբյուրի խոսքով, Օբաման մտադիր է արտահայտել ԱՄՆ դիրքորոշումն այն մասին, որ արձանագրությունների վավերացումն այլ հարցերի հետ կապելն անընդունելի է։ Ավելին, ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, Թուրքիայի խորհրդարանում վավերացման գործընթացի ձախողման դեպքում Էրդողանը կարող է ընդհանրապես զրկվել վարչապետի պաշտոնից, քանի որ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի դիրքորոշումն ուղղված է մոտ ժամանակներս առանց պայմանների առաջ քաշման, այդ թվում նաեւ ղարաբաղյան հարցի առումով, արձանագրությունների վավերացմանը։