Ժամանակն է, որ Իրանը եւ ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ վարեն, Թեհրանում հայտարարել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։
«Մենք կոչ ենք անում ուղիղ բանակցություններ վարել երկու կողմերի միջեւ, եւ դա գաղտնիք չէ», - հայտարարել է Հուսեյնը:
Նրա խոսքով՝ Իրաքը շահագրգռված է օգնել երկու կողմերին նստել եւ խոսել: «Մենք դա առաջարկել ենք ամերիկացիներին եւ Իրանին դեռեւս Թեհրան կատարած մեր այցից առաջ։ Ավելի լավ է ուղիղ հանդիպում կազմակերպել ամերիկյան եւ իրանական կողմերի միջեւ»,- ասել է Հուսեյնը։
Նա նշել է, որ Իրաքը Վիեննայի բանակցություններում բանակցային մեխանիզմի հետ կապված «խնդիր» է զգացել։ «Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ուղիղ բանակցությունների համար ընդհանուր ըմբռնում ձեռք բերվի ոչ միայն միջուկային խնդրի, այլ նաեւ պատժամիջոցների շուրջ։ Մեզ անհրաժեշտ է ուղիղ շփում երկու կողմերի միջեւ, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Հուսեյնը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները «Իրաքի ոչ թե արտաքին, այլ ներքին գործ են»։
Նա նշել է, որ վաղեմի հակառակորդների միջեւ լարվածությունն ուղղակիորեն ազդում է Իրաքի քաղաքական իրավիճակի եւ անվտանգության վրա, եւ նրանց միջեւ լարվածության թուլացումը դրական ազդեցություն կունենա։





























