«Յունիբանկ» ՓԲԸ-ն այսօր` հուլիսի 14-ին հայցադիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին` Բանկի գործարար համբավը արատավորող հրապարակային վիրավորանքների եւ զրպարտության համար: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին NEWS.am-ը հրապարակել էր «Հին Էրիվան Հոլդինգը դատի է տվել «Յունիբանկին». Բանկը զբաղվել է փաստաթղթերի կեղծմա՞մբ» վերտառությամբ հարցազրույց, որում Մանվել Տեր-Առաքելյանը, ըստ «Յունիբանկի», ներկայացրել է ակնհայտ կեղծ եւ ստահոդ տեղեկատվություն`վարկաբեկելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեությունը: Այդ կապակցությամբ «Յունիբանկը» խնդրել է դատարանին պարտավորեցնել Մանվել Տեր-Առաքելյանին հերքել իր կողմից տրամադրված տեղեկատվությունը եւ զրպարտելու դիմաց փոխհատուցում վճարել:
«Յունիբանկը» նաեւ NEWS.am-ին է տրամադրել պարզաբանում «Հին Էրիվան Հոլդինգի» սեփականատիրոջ հայտարարություններին առթիվ, ինչը ներկայացնոմ ենք ամբողջությամբ.
«NEWS.am կայքի հրապարակման առնչությամբ ընթերցողներին պարզաբանում ենք, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն, 2007թ.-ից հանդիսանալով «Յունիբանկի» վարկառու, պատշաճ կերպով եւ սահմանված ժամկետներում չի կատարել պայմանագրով ամրագրված իր պարտավորությունները, այդ թվում` վարկային մարումները: Ստանալով Բանկի ծանուցումը, որով Բանկը պահանջել է մարել ժամկետանց վարկի գումարը սահմանված ժամկետներում, Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է դատարան` պահանջելով սահմանափակել իր կողմից «Յունիբանկում» գրավադրված գույքի օտարման իրավունքը, թեեւ Բանկն, օրենքի շրջանակներում ունենալով այդ իրավունքը, նման պահանջով հանդես չէր եկել: Ավելին` ընդառաջ գնալով վարկառուի խնդրանքին, Բանկը տրամադրել էր հաջորդող գրավի թույլտվություն, «Յունիբանկում» գրավադրված գույքը` «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը, որպես հաջորդող գրավի առարկա ձեւակերպելու նաեւ այլ բանկում` նոր վարկ ստանալու նպատակով: Այսինքն, Մանվել Տեր-Առաքելյանի անտրամաբանական եզրահանգումը, թե «Յունիբանկը» ցանկանում է տիրանալ իր գույքին եւ ֆինանսավորել է իր բիզնեսը ծուղակը գցելու համար ընդամենն անհիմն հերյուրանք է: «Յունիբանկի» միակ նպատակը «Հին Էրիվան Հոլդինգի» հետ կնքված պայմանագրի շրջանակներում տրամադրված վարկային միջոցների վերադարձն է, ինչն էլ ակնկալվում է վարկառուից:
Իրենից զրպարտություն է ներկայացնում նաեւ հարցազրույցում տեղ գտած` «բանկն ամբողջ գործարքը կատարել է փաստաթղթային կեղծմամբ» արտահայտությունը: «Յունիբանկն» ինքն է կասկած հայտնել Մանվել Տեր-Առաքելյանի կողմից դատարան ներկայացված փաստաթղթերի իսկության վերաբերյալ, որի առնչությամբ դիմել է իրավապահ մարմիններին»:




























