2011թ երկրորդ եռամսյակում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի  «սեւ ցուցակում» (այդ ցուցակում ընդգրկված են այն պաշտոնյաններն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը) հայտնվել է 6 պաշտոնյա: Նրանք են` Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, «Համալսարանականներ» համատիրության նախագահ Արմեն Թադեւոսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը:

ԻԱԿ-ը այս ամիս 120 էլեկտրոնային եւ գրավոր հարցումներ էուղարկել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ տեղեկատվություն ստանալու համար: Դրանցից 87-ի դեպքում ստացվել է լիարժեք պատասխան, 2 դեպքում մերժում է ստացվել, ըստ որում, Դոյդոյանի խոսքով` ՊՆ-ի կողմից ստացված մերժումը հիմնավոր է եղել, քանի որ ուղարկվել է գրավոր ձեւով, բայց ոչ թե 5 օրում, այլ` 23 օր անց, իսկ Քաղաքաշինության նախարարության կողմից մերժումը բանավոր էր, ինչը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտում է:

ԻԱԿ-ն այս եռամսյակում մի փաստ էլ է արձանագրել` ավելի քան ութ անգամ աճել է «լուռ մերժումների» թիվը` 3-ից դառնալով 24: Սա այն դեպքն է, երբ Շուշան Դոյդոյանի խոսքով, գերատեսչությունները ոչ պատասխանում են, ոչ էլ` մերժում տեղեկատվություն տրամադրել:

Անպատասխան թողած հարցումների հեղինակներն են մշակույթի նախարարությունը, ԱԻՆ-ը, ՊՆ-ն, տրանսպորտի եւ կապի նախարարությունը, Գյումրիի քաղաքապետարանը, «Հայփոստ» ՓԲԸ-ն եւ այլ կառույցներ:

Ինչ վերաբերում է տեղեկատվության տրամադրման ժամկետներին, Շուշան Դոյդոյանն ասաց, որ հիմնականում պատասխանները տրամադրվում են միջինը 11 օրում, մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը, ինչպես հայտնի է, սահմանում է հնգօրյա ժամկետ: Մեկ դիտարկում եւս` ԻԱԿ-ի աշխատակիցների եզրահանգմամբ`պետական կառույցներում քաղաքացիներին լուրջ չեն ընդունում եւ նրանց հարցումներին չեն պատասխանում, մինչդեռ լրագրողներից, այսպես ասած, վախենում են: