Ինֆորմացիայի ազատության կենտրոնի գոյության 10 տարիների ընթացքում (2001-2011թթ) նրանց «սեւ ցուցակում» 39 անգամ հայտնվել են նախարարները, 21 անգամ` մարզպետները, 41 անգամ` քաղաքապետերը, 39 անգամ`Երեւանի տարբեր վարչական շրջանների ղեկավարները, 37 անգամ` կուսակցության ղեկավարները, 65 անգամ` գյուղապետերը: Այս մասին այսօր` հուլիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանը: Նշենք, որ այդ ցուցակում ընդգրկված են այն պաշտոնյաններն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:
Առողջապահության նախարարությունն ԻԱԿ-ի «սեւ ցուցակում» հայտնվել է 8 անգամ` տարբեր նախարարների օրոք, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը` 6 անգամ (միայն Անդրանիկ Մանուկյանի օրոք` 4 անգամ): Բնապահպանության նախարարությունը 5 անգամ հայտնվել է «սեւ ցուցակում», որից Վարդան Այվազյանի օրոք` 3 անգամ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` 4 անգամ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը` 3 անգամ, Պաշտպանության, Կրթության եւ գիտության, Արտաքին գործերի եւ Արդարադատության նախարարությունները` երկուական անգամ, իսկ մնացածները` մեկական անգամ:
Մարզպետարաններից «առաջատար դիրքերում» են գտնվում Արարատի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզպետարանները` չորսական անգամ հայտնվելով «սեւ ցուցակում», Կոտայքի մարզպետարանը երբեք չի հայտնվել այդ ցուցակում: Քաղաքապետարաններից 7 անգամ ցուցակում հայտնվել է Երեւանի եւ Արմավիրի քաղաքապետարանները, չորսական անգամ` Գյումրիինը եւ Աբովյանինը, Վանաձորինը եւ Հրազդանինը` երեքական անգամ:
Նշենք, որ 2001թ ի վեր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակում է սեւ ցուցակ, որում ընդգրկված են այն պաշտոնյաններն ու պետական մարմինները, ովքեր խախտում են անձանց տեղեկություն ստանալու իրավունքը:




























