«Ապամոնտաժելով մեր կրպակները` մենք բոլորս կհայտնվենք անհուսալի ծանր վիճակում, քանի որ գրեթե բոլորս ունենք վարկային պարտավորություններ եւ դրանք կատարելու միակ հնարավորությունը կրպակներից եկող եկամուտներն են»,- այսօր` հուլիսի 14-ին կառավարության մոտ NEWS.am-ի թղթակցին դժգոհել են Վարդանանց 20,22,24 շենքերիմոտ գտնվող «Գնունու շուկայում» տեղակայված կրպակների տերերը:
Բանն այն է, որ քաղաապետարանից հուլիսի 9-ին ծանուցագիր են ուղարկել` տեղեկացնելով, որ կրպակաշարն ապամոնտաժելու են:
Ըստ նրանց, ծանուցումն առանց կնիքի է եղել, նշված է եղել, որ 2003 թվականին նրանց վարձակալության պայմանագրերի ժամկետը լրացել է:
Սակայն քաղաքացիների պնդմամբ, այդ պայմանագրերի ժամկետը ոչ միան չի լրացել, այլ նույնիսկ կան մարսիկ, ովքեր 99 տարով են պայմանագիր կնքել: «Մենք ունենք տաղավարների սեփականության վկայական, հողի վարձակալության երկարաժամկետ պայմանագրեր, մեկինը լրանում է 2015 թվականին, մյուսինը` 14: Մարդ կա , որ օրենքով սահմանված կարգով ունի 99 տարվա պայմանագիր: Սակայն մեզ միայն ասում են ապամոնտաժեք»,- բողոքել են կրպակատերերը:
Ի դեպ, նրանց այսօր կառավարությունում չեն ընդունել, քաղաքապետարանում` նույնպես: «Գնացել ենք քաղաքապետարան, 4-5 հատ հեռախոսահամար են տվել, բայց այդ համարներով ոչ ոք չի պատասխանել»,-վստահեցրել են նրանք:




























