Հայաստանյան 5 բնապահպանական ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կառավարությունից պահանջում են կասեցնել հանքարդյունահանման նպատակով լիցենզիաների տրամադրման գործընթացը մինչեւ ռացիոնալ ընդերքօգտագործման ռազմավարության մշակումը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի տնտեսական աճը եւ բնակչության բարեկեցությունը զգալի կախման մեջ են դրվել բնական ռեսուրսների շահագործումից եւ համախառն ներքին արդյունքի աճ ապահովելու պատճառաբանությամբ անխնա կերպով շահագործվում են երկրի ընդերքի հանածոները:
Հանքարդյունահանման գործընթացներն ընթանում են վտանգելով շրջակա բնական միջավայրն ու հարակից տարածքների մարդկանց առողջությունը, ինչպես նաեւ` խոչընդոտում տուրիզմի եւ գյուղատնտեսության զարգացմանը:
Մոտ 30 հազար ք/կմ տարածքում արդեն իսկ գործում են 465 հանքարդյունահանման լիցենզիաներ: Եվս 170 տեղամաս ուսումնասիրության փուլում է եւ համապատասխան պաշարների բացահայտման դեպքում կտրամադրվի շահագործման առանց սահմանափակման կամ հապաղման: Հանքարդյունահանող ընկերություններն աշխատում են բացարձակ արտոնյալ պայմաններում` շրջակա միջավայրն աղտոտելու դիմաց չմուծելով եւ ոչ մեկ լումա: Մինչդեռ իրավասու կառույցները նույնիսկ չեն տիրապետում երկրի 14 պոչամբարներում առկա միլիոնավոր տոննաների հասնող նյութերի պարունակության ու ազդեցության եւ հարակից տարածքների բնակչության առողջության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությանը:
Չնայած վերոնշյալին` ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում էլ ավելի խթանելու գործարար միջավայրը հանքարդյունաբերության ոլորտում: ՀԲ աջակցությամբ մշակված ընդերքի նոր օրենսգիրքը առաջ է մղվում բացարձակապես անտեսելով փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների կողմից հնչեցված մտահոգությունները:
Գտնում ենք, որ ՀՀ կառավարությունը չի ապահովում շրջակա միջավայրի պահպանությունը եւ վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ oգտագործումը:
Պահանջում ենք Հայաստանի կառավարությունից`
- կասեցնել հանքարդյունահանման նպատակով լիցենզիաների տրամադրման գործընթացը մինչեւ ռացիոնալ ընդերքօգտագործման ռազմավարության մշակումը եւ հանքարդյունաբերության արագ զարգացման նպատակահարմարության գնահատումը.
- կասեցնել ՀՀ ընդերքի նոր օրենսգրքի ընդունման գործընթացը եւ վերանայել փաստաթուղթը` հաշվի առնելով փորձագետների եւ հասարակական կառույցների կողմից առաջարկությունները.
- ապահովել եւ հրապարակային դարձնել հանքարդյունաբերությանն առնչվող տեղեկատվությունը, ներառյալ` պոչամբարներում թունավոր նյութերի պարունակությունը եւ հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վերաբերյալ վիճակագրությունը:
Կոչ ենք անում Համաշխարհային բանկի եւ շահագրգիռ այլ միջազգային կառույցներին ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության համար հնարավոր բացասական ազդեցություն ունեցող նախաձեռնությունների սատարումից:




























