Հայաստանյան մասնագետները, հնարավոր է, ներգավվեն տարբեր երկրներում ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) կողմից իրականացվող ծրագրերի փորձագիտական աշխատանքներին: Այս մասին նշվել է այսօր` հուլիսի 14-ին, Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանի եւ UNIDO-ի բիզնեսի, ներդրումների եւ տեխնոլոգիաների ծառայությունների վարչության համագործակցության եւ բիզնես կապերի բաժնի պետ Ջ. Պատակկոնիի հանդիպման ժամանակ:

Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անդրադարձ է եղել նաեւ մեծածախ առեւտրով զբաղվող METRO ընկերության հետ իրականացվող ծրագրին, որի նպատակը տեղական արտադրողների կարողությունների ուժեղացումն է, փոխադարձ առեւտրի աշխուժացումը: Ծրագիրը հետաքրքրված է METRO խանութներին հայկական արտադրության սննդամթերք` հատկապես կոնյակ, մատակարարելու հարցով: Այս առումով արդեն համագործակցություն է սկսվել Զարգացման Հայկական գործակալության հետ:

Սերգո Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ըստ ճյուղերի ստեղծել համագործակցող միավորումներ, որոնք հնարավորություն կունենան կատարելու արտաքին շուկա դուրս գալու գործընթացը դյուրացնող միասնական մարքեթինգային ուսումնասիրություններ: Որպես օրինակ նախարարը ներկայացրել է բարձր որակ, սակայն արտահանման տեսանկյունից խնդիրներ ունեցող հյութերի արտադրության փաստը Հայաստանում:

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ UNIDO-ի փորձագետ Վ. Զաքարյանը, հայաստանյան ծրագրերի ղեկավար Ա. Սիմոնյանը եւ Զարգացման Հայկական գործակալության տնօրեն Ռ. Հարությունյանը: