ԿԸՀ նորընտիր նախագահ Գարեգին Ազարյանն ինքնաբացարկ է հայտարարել ՄԻՊ-ի կողմից հայտարարված մրցույթից հետո։ Այս մասին նա ասաց հուլիսի 15-ին  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Այո, հրաժարվել եմ մրցույթին մասնակցելուց հետո եւ խնդրում եմ այս մասին այլեւս չխոսել, որովհետեւ ընտրական նոր օրենսգրքի ընդունումից եւ ԿԸՀ կազմավորումից հետո ԿԸՀ նախագահն ու նրա անդամները շատ ավելի կարեւոր բաներ ունեն անելու, քան այն խոսակցությունները, որոնք ծավալվում են մամուլում: Մեզ ավելի կարեւոր իրադարձություններ են սպասվում, քան ԿԸՀ ընտրություններն են»,- ասաց Ազարյանը։

Խոսելով իր պաշտոնում վերընտրվելուց հետո սեփական գործողությունների մասին՝ Գարեգին Ազարյանը հիշեցրեց, որ ինքը ստորագրել է անաչառ եւ օրենքի սահմաններում աշխատելու մասին տեքստի տակ, ինչը նշանակում է, որ գործելու է հենց այդ շրջանակներում։ «Նոր ԿԸՀ-ն նոր մի շարք որոշումներ պետք է ընդունի, դրան պետք է հետեւի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների դիմումների ընդունումը։ 41 ընտրատարածքային ընտարական հանձնաժողովների անդամներին  ընտրելու համար շուտով դիմումների ընդունելություն ենք հայտարարելու։ Մեծ աշխատանքներ ունենք ԿԸՀ համակարգչային ծրագրերի նորացման առումով, ինչն ընտրությունների թափանցիկության նախադրյալներից մեկն է»,- ասաց Գարեգին Ազարյանը։

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` հուլիսի 14-ին գումարել է իր առաջին նիստը եւ միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրել Գարեգին Ազարյանին:

Հիշեցնենք նաեւ, որ Ազարյանը ՄԻՊ-ի կողմից հայտարարած մրցույթով հանձնաժողովի անդամ չդառնալուց հետո հայտարարել էր, թե ինքնաբացարկ է հայտարարել, մինչդեռ ՄԻՊ գրասենյակն ի պատասխան լրագրողների հարցերի ասել էր, որ Ազարյանը մասնակցել է մրցույթին, որտեղ նրան, ինչպես մյուս բոլոր թեկնածուներին հարցեր են տրվել: