ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում ոչ միայն չի նվազելու, այլեւ շարունակվելու է բոլոր ծրագրերով նախանշված ուղղություններով: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին հայտարարել է ՄԱԶԾ ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Կորի Ուդովիչկիին` Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Ա. Կիրակոսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ՄԱԿ-ի կառույցների հետ, ինչին մեծապես նպաստում է նաեւ Երեւանում ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչների առկայությունը: ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ ԱԳՆ աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ եւ վերաբերում են հարցերի շատ լայն շրջանակի:

Կորի Ուդովիչկին, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի կառավարության պատրաստակամությունն ու ջանքերը ՄԱԶԾ-ի հետ ստորագրված ծրագրի շրջանակներում աշխատելու համար: Նա նշեց, որ չնայած դոնոր երկրների դիմակայած ֆինանսատնտեսական դժվարությունների արդյունքում առաջացած սահմափակումների, ՄԱԶԾ-ի գործունեությունը Հայաստանում ոչ միայն չի նվազելու, այլեւ շարունակվելու է բոլոր ծրագրերով նախանշված ուղղություններով:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան: