«Քեթրին» սուսերամարտի ակումբի (հիմնադրվել է 4 տարի առաջ) լավագույն սաներն այսօր` հուլիսի 15-ին պարգեւատրվել են նվերներով:
Ակումբից NEWS.am-ին հայտնում են, որ սուսերամարտի ակումբի 50 մարզիկները` Երեւանից եւ Բյուրեղավանից, մասնակցելով հանրապետական եւ միջազգային բազմաթիվ մրցաշարերի եւ առաջնությունների, նվաճել են ՀՀ առաջնություններում 7 ոսկե, 8 արծաթե, 21 բրոնզե մեդալներ. միջազգային մրցաշարերում՝ 4 ոսկե, 2 արծաթե եւ 5 բրոնզե մեդալներ։
Մասնավորապես, 2009 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում ակումբի սան Հասմիկ Աղաբաբյանը նվաճել է պատվավոր երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի։ Նա նաեւ 2009 եւ 2010թթ. Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարերի հաղթող է, ՀՀ սպորտի վարպետ:
Վերջերս Քութայիսիում եւ Բաթումիում ավարտված միջազգային մրցաշարերում, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի թիմերը, հաղթողներ են ճանաչվել Արփինե Աթոյանը` «ճկասուսեր» մարզաձեւում, եւ Էմմա Պողոսովան` «խոցասուսեր» ձեւում։
Ակումբի նախագահ Միհրան Պողոսյանը, ողջունելով ակումբի սաներին, նշել է, որ այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները, արդյունք են գործի գիտակ մարզիչների աշխատանքի:




























