«ՊրոԿրեդիտ» բանկը տնտեսագիտական կրթությամբ երիտասարդների համար իրականացնում է «Երիտասարդ բանկիրներ» ծրագիրը:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «ՊրոԿրեդիտ» բանկից, վեց ամիս տեւողությամբ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 երիտասարդներ, ովքեր ձեռք կբերեն բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ եւ գործնական հմտություններ:
Ընտրված մասնակիցները Հայաստանի տարբեր բուհերի տնտեսագիտական եւ տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ եւ մագիստրատուրայի ուսանողներ են, մասնավորապես՝ Երեւանի պետական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Հայաստանում ֆրանսիական համալսարանից, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայից:
«Մենք հավատացած ենք, որ մեր կողմից ընտրված երիտասարդների ստացած գիտելիքներն ու եռանդը կնպաստեն ոչ միայն «ՊրոԿրեդիտ» բանկի հաջողություններին, այլեւ Հայաստանի բանկային համակարգում որակյալ երիտասարդ կադրերի աճին»,-ասել է բանկի գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ Գոգոլին:
Նշենք, որ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանան «ՊրոԿրեդիտ» բանկի կողմից եւ կհամալրեն 21 երկրներում գործող խոշոր բանկային խումբը:




























