Թերթը գրում է, որ այն բանից հետո, երբ մի քանի ամիս շարունակ շաքարավազի գները Հայաստանում բարձրանում էին, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց վարույթ հարուցել շուկայի երկու մասնակիցների նկատմամբ։ Դրանք նույն սեփականատիրոջը՝ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններն էին՝ «Ալեքս Գրիգը» եւ «Լուսաստղ շուգրը»։ Հանձնաժողովն արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ ուսումնասիրում է այս շուկան։ Մինչ կհրապարակվեն ուսումնասիրության արդյունքները, ներկայացնենք որոշ մանրամասներ այս շուկայի հետ կապված։

«Անցած տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա ապրիլ ամիս շաքարավազի գները բարձրացան կիլոգրամի հաշվով 100 դրամով։ Եթե օգոստոսին այս ապրանքատեսակի մանրածախ վաճառքի գները տատանվում էին 290, ապա ապրիլին՝ 390 դրամի սահմաններում։ Այլ կերպ ասած, 9 ամսվա ընթացքում թանկացավ ավելի քան 30 տոկոսով։ Այս հանգամանքն էլ պատճառ դարձավ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ հարուցի։

Մինչ հանձնաժողովը կհրապարակի իր ուսումնասիրության արդյունքները, փաստենք, որ նշված ժամանակահատվածում Հայաստանում շաքարավազի գների աճը տեղի է ունեցել մաքսային արժեքների չնչին փոփոխության պայմաններում։ Մասնավորապես անցած տարվա օգոստոսից մինչեւ այս տարվա ապրիլ շաքարավազի մաքսային արժեքն ավելացել է ընդամենը 6 դրամով։ Այս ապրանքատեսակի ինվոյսային արժեքները փոխվել են 9 դրամով։ Այսինքն՝ այդքանով թանկացել են։

Սակայն Հայաստան ներմուծվող շաքարավազի իրացման գները մի քանի անգամ գերազանցում են ինվոյսային կամ մաքսային արժեքները։ 108 դրամ ինվոյսային եւ 116 դրամ մաքսային արժեքների պայմաններում Հայաստանում շաքարավազի մանրածախ գինը եղել է 390 դրամ։ Ստացվում է, որ շաքարավազը գրեթե չորս անգամ թանկ գնով է իրացվել, քան ներմուծվել է։

Առաջին հայացքից սա ուղղակի զավեշտ է, որովհետեւ, նման ինվոյսային եւ մաքսային արժեքների դեպքում շաքարավազի մանրածախ գինը Հայաստանում չպետք է գերազանցեր 150 դրամը։

Նշենք, որ այդ ժամանակահատվածում անգամ համաշխարհային շուկայում շաքարավազի նման գին գոյություն չի ունեցել։ Ասենք՝ անցած տարվա հոկտեմբերին այն եղել է կիլոգրամի դիմաց ավելի քան 280 դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով շուրջ 80 դրամով։ Շաքարավազի համաշխարհային շուկայում գների բարձր մակարդակը պահպանվեց մինչեւ այս տարվա մարտ։ Արդեն ապրիլին գները կտրուկ նվազեցին եւ սկսեցին տատանվել 220 դրամի սահմաններում։

Այս պայմաններում, որքան էլ տարօրինակ է, շաքարավազը Հայաստան է ներմուծվել ընդամենը 116 դրամով։ Ընդ որում, համաշխարհային շուկայում ապրիլին արձանագրված գների կտրուկ անկումը Հայաստան ներմուծվող շաքարավազի ինչպես ինվոյսային, այնպես էլ մաքսային արժեքների վրա որեւէ ազդեցություն չի ունեցել։

Բնական հարց է առաջանում. ինչպե՞ս է հաջողվել հայաստանյան շուկայի միակ ներմուծողին նման գնով շաքարավազ ձեռք բերել։

Կարծում ենք, որ իրականում շաքարավազի ձեռքբերման գներն անհամեմատ բարձր են եղել, քան դրանք ներկայացվել է մաքսային մարմնին՝ մաքսազերծման համար։ Այլապես հազիվ թե որեւէ մեկը կարող էր մտածել շաքարավազը մաքսային արժեքից եռակի-քառակի թանկ գնով իրացնելու մասին։ Նշանակում է խնդիրը պետք է փնտրել այլ տեղում։

Բնականաբար եթե մաքսազերծումն իրականացվեր այն գնով, ինչ գնով այն ձեռք էր բերվել, ապա շաքարավազը Հայաստանում շատ ավելի բարձր գին կունենար։ Պատահական չեն հաճախ հնչող այն հայտարարությունները, որ Հայաստանում շաքարավազի գները շատ ավելի ցածր են, քան բազմաթիվ, այդ թվում եւ մեր հարեւան երկրներում։

Այս պայմաններում տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեք ամիս շարունակ գլուխ է ջարդում՝ պարզելու, թե որքանով է հիմնավորված շաքարավազի թանկացումը։ Մինչդեռ խնդիրը, ըստ էության, ամենեւին էլ նրա իրավասությունների դաշտում չէ։ Այն ուղղակիորեն կապված է կեղծ կամ չհիմնավորված փաստաթղթաշրջանառության հետ, որը լուրջ խնդիր է դարձել Հայաստանում։

Իհարկե, օրենքի վերջին փոփոխությունից հետո տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին տրվեցին հսկիչ գնումներ կատարելու լիազորություններ, ինչը որոշ առումով հնարավորություն է տալիս բացահայտել, թե որքանով են տնտեսավարողների ներկայացրած գները համապատասխանում իրականությանը։

Բայց արդյոք դա հարցի լուծո՞ւմ է։ Բնականաբար ոչ, որովհետեւ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է եւ պահանջում է գլոբալ միջոցառումներ»,- գրում է «Հայոց աշխարհը»։