Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը շուտով զրկվելու է եթերից:

Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «Գյումրիի քաղաքապետարանի ԳԱԼԱ հեռուստաընկերության դեմ շուրջ 3 ու կես տարի առաջ նախաձեռնած  դատական գործընթացը հատում է եզրագիծը: Հայաստանի վճռաբեկ դատարանը մերժել է ԳԱԼԱ հեռուստաընկերության  փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի ապրիլի 26-ի որոշումը, որով հեռուստաընկերությանը  պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից»:

Ըստ ԳԱԼԱ-ի պատասխանատուների, «հատկանշական է, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, եւ ԳԱԼԱ հեռուստաընկերությունը՝ ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով»:

Հիշեցնենք, որ ԳԱԼԱ հեռուստաալիքը 2008թ. նախագահակն ընտրությունների ժամանակ միակն էր, որ եթեր հեռարձակեց ընդդիմության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները, եւ ակտիվորեն լուսաբանում էր ընդդիմության քարոզարշավը:

Հարկային մարմինները աննախադեպ արշավ սկսեցին հեռուստաընկերության դեմ` մոտ 27 միլիոն դրամի տուգանքի ենթարկելով ԳԱԼԱ-ին: