«Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ-ն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ, կիրականացնի «Նախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիարակների եւ երաժշտության դաստիարակների վերապատրաստման դասընթաց» ծրագիրը։
«Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ-ն այն 8 կազմակերպություններից է, որոնք հաղթել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից կրթության ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար հայտարարված դրամաշնորհների բաց մրցույթի արդյունքում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ «Գավառի առաջադեմ բնագետների միավորում» ՀԿ-ն Գավառի տարածաշրջանի նախադպրոցական հաստատությունների 28 դաստիարակների, 14 տնօրենների, 13 երաժշտության ուսուցիչների համար հուլիս-օգոստոս ամիսներին կկազմակերպի վերապատրաստման դասընթացներ, որոնք նրանց թույլ կտան զարգացնել մասնագիտական կարողությունները, ծանոթանալ նախադպրոցական հաստատություններում ներդրված նոր չափորոշիչներին, ծրագրերին, ուսուցման նոր մոդելներին ու մեթոդներին։
Գավառի տարածաշրջանում գործում է 14 մանկապարտեզ: Նախադպրոցական հաստատություններ է հաճախում 756 երեխա, որոնցից 352-ը 5-6 տարեկան են: Գործում է 28 խումբ: Այդ հաստատություններում աշխատող կադրերի մեծ մասը չի անցել վերապատրաստման դասընթացներ: Հաստատություններում աշխատող կադրերի վերապատրաստման հարցն արմատական բարելավման կարիք ունի։
Մանկապարտեզներում աշխատող շատ դաստիարակներ չունեն համապատասխան մասնագիտական կրթություն, եւ խիստ կարեւոր է նման դասընթացի անցկացումը, ինչը թույլ կտա նրանց ստանալու համակողմանի գիտելիքներ, որոնք կկիրառվեն հետագա աշխատանքում:
Ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնելու Գավառի, Լանջաղբյուրի, Սարուխանի, Լճափի, Ծովազարդի, Կարմիրգյուղի, Նորատուսի նախադպրոցական հաստատություններում աշխատող տնօրենները, դաստիարակները եւ երաժշտություն դասավանդողները։
Վերապատրաստման ծրագիրը համապատասխանում է ՀՀ կրթության ազգային ինստիտուտի սահմանած չափորոշիչներին:
«Նախադպրոցական հաստատությունների տնօրենների, դաստիարակների եւ Վերապատրաստում անցնող մասնագետներին կտրամադրվեն տպագիր նյութեր, որոնք առնչվում են ծրագրով նախատեսված դրույթներին: Վերապատրաստում անցած անձինք կստանան համապատասխան վկայականներ:




























