Երեւանում տեղացած հորդառատ անձրեւներից հետո, այսօր` հուլիսի 18-ին Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատու բոլոր կառույցներին լուրջ քայլեր ձեռնարկել հեղեղատարները կարգի բերելու ուղղությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին հանձնարարվել է ժամանակին վերացնել եւ բարեկարգել վթարների հետեւանքով քանդված փողոցները` լուրջ ուշադրություն դարձնելով ասֆալտապատման որակին:
Մայրաքաղաքի կանաչ տարածքների ու սիզամարգերի խնամքը պատշաճ իրականացնելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանի կողմից խոտհնձող ժամանակակից սարքավորումներ եւ կանաչապատման ու խնամքի այլ մեքենամեխանիզմներ են հատկացվել համատիրություններին, դպրոցներին ու նախադպրոցական ուսումնական հաստատություններին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է լուրջ ուշադրություն դարձնել կանաչ տարածքների խնամքին ու ոռոգման աշխատանքներին. «Նմանատիպ լայնածավալ աշխատանքների պարագայում մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքները պետք է տեսանելի լինեն: Եթե մենք հետեւողական չլինենք, ապա արդյունք չենք ստանա»,- նշել է քաղաքապետը:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաեւ առավելագույն ներգրավվածություն ապահովել ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձին ընդառաջ` Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, հիշեցնելով, որ օրերս քաղաքապետարանը կոչով դիմել է բոլոր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ակտիվորեն մասնակցել մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին: Նախաձեռնության նպատակն է գնահատել եւ խրախուսել տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպություններին, կառույցներին ու հաստատություններին, որոնք բարեկարգել ու օրինակելի ձեւով կանաչապատել են իրենց հարակից տարածքները: Անվանակարգային մրցույթի շրջանակում կներառվեն նաեւ անտարբեր սուբյեկտների անբարեկարգ տարածքները:




























