Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում այսօր` հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանի ԿԳՆ կողմից 2005թ. կազմակերպվող «Հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի» պաշտոնական բացման արարողությանը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյակին:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանն իր խոսքում նշել է. «Մենք մեծապես կարեւորում ենք համահայկական ընդգրկում ունեցող նմանօրինակ միջոցառումների անցկացումը Հայաստանում:
Մենք փաստում ենք, որ որտեղ էլ լինենք, մեզ համար կարեւորագույն արժեքներն են մեր լեզուն ու գրականությունը, մեր պատմությունն ու մշակույթը:
Մենք ապացուցում ենք, որ մեր երեխաներին փոխանցում ենք այդ արժեքները, որ նրանց սովորեցնում ենք հայ մնալ՝ ճանաչել իրենց ինքնությունը, հպարտանալ իրենց արմատներով ու պատմությամբ:
Երկրորդն ինքնաճանաչողությունն է ու ինքնության խնդիրը:
Իսկ որն է հայկական ինքնության խարիսխը, որոնք են հայ ինքնության գիտակցման կարեւորագույն տարրերը. իհարկե, մեր պատմությունն ու լեզուն, մեր մշակույթն ու հավատը:
Այս առումով, օլիմպիադայի հիմնական նպատակը, հայոց լեզվի, գրականության, պատմության եւ մշակույթի իմացությունը խրախուսելը, խիստ կարեւոր է:
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտերկրում բնակվող հայ երեխաները ճանաչեն Հայաստանը եւ ամուր կապվեն հայրենիքին:
Մենք պետք է Հայաստանում բնակվող մեր երեխաների համար ճանաչելի դարձնենք Սփյուռքը»:
Նշենք, որ 2011 թ. օլիմպիադային մասնակցում են 12 երկրներից 130 մասնակիցներ եւ 20 ուղեկցողներ: Մասնակիցները հայերեն ուսուցմամբ ամենօրյա վարժարանների եւ կրթօջախների (այդ թվում` մեկօրյա) սաներն են, ինչպես նաեւ այլ դպրոցներ հաճախող եւ համայնքի հետ կապված հայ եւ օտարազգի պատանիներ:
Օլիմպիադայի հաղթողների համար նախատեսված են առաջին կարգի՝ 3, երկրորդ կարգի՝ 6 եւ երրորդ կարգի 9 դիպլոմներ եւ մրցանակներ: Սահմանվել են հատուկ եւ խրախուսական մրցանակներ:




























