ԵՊՀ-ում երեկ տեղի է ունեցել հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայի բանավոր քննությունը, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը լրագրողներին հայտնել է, որ քննության ընթացքում բազմաթիվ զվարճալի միջադեպեր են տեղի ունեցել: Օրինակ, մի դիմորդ ասել է, թե Խաչատուր Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Մեկն էլ նշել է, թե Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է: Ըստ մեկ ուրիշ դիմորդի` «Վարդանանք» վեպի հեղինակը Րաֆֆին է: Հուլիսի 15-18-ը կայացել եւ ավարտվել են բանավոր քննությունները: Անգլերենից հուլիսի 15-ին քննություն է հանձնել 75 հոգի, 3-ը` անբավարար է ստացել, միջին միավորը 11,6 է: Հուլիսի 17-ին նույն առարկայից քննությանը մասնակցել է 72 հոգի, 7-ը անբավարար է ստացել, միջին միավորն է 11,2:

Իսպաներենից քննություն է հանձնել 2 մասնակից, մեկը ստացել է 19 միավոր, մյուսը` 17: Իտալերենից քննություն է հանձնել 1 մասնակից, ստացել է 17 միավոր, ռուսերենից 2 օրերին քննություն է հանձնել 25 հոգի, գրանցվել է 9 անբավարար: Այս առարկայից միջին միավորը 9 է:

Գերմաներենի քննությանը 13 հոգի է մասնակցել, 2-ը` «կտրվել է», միջին միավորը 12,5-ն է: Ֆրանսերենն ունեցել է 11 մասնակից, բոլորն էլ հաղթահարել են նվազագույնի շեմը, միջին միավորն էլ 11,9 է: Հայոց լեզու հուլիսի 15-ին հանձնել է 52 դիմորդ, 22-ը` անբավարար է ստացել: