«Իրավունքի եւ ազատության կենտրոնը» հայտարարություն է տարածել, իր փողոքն արտահայտելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության եթերազրկման վերաբերյալ:

Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստը.

«Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումից հետո իշխանությունները Հայաստանում  համարում էին, որ ողջ  հեռուստաեթերը այլեւս գտնվում է իրենց տոտալ վերահսկողության ներքո եւ, որ որեւէ ազատ հեռուստաընկերություն Հայաստանում այլեւս եթեր չի հեռարձակվելու:

Սակայն նրանց ծրագրերը ձախողեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որը 2008թ. նախագահական ընտրություններին նախորդող շրջանում ազատ գործելու հայտ ներկայացրեց:  Հասկանալի է, որ նման վարքագիծը որեւէ կերպ չէր կարող տեղավորվել ՀՀ իշխանությունների տրամաբանության ու ծրագրերի շրջանակներում:   2007 թվականից սկսած իշխանությունները, օգտագործելով իրեց ձեռքում եղած հնարավոր բոլոր լծակները, անում էին ամեն ինչ , որպեսզի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը եթերում չլինի: Ի հեճուկս իշխանական ցանկությունների, իրականացվող ապօրինի ճնշումների ու հետապնդումների, շինծու դատավարությունների ու մտացածին հսկայական տուգանքների «ԳԱԼԱ»-ն շարունակեց մնալ եթերում: Այսօր, նոր ընտրությունների նախաշեմին, իշխանությունները հեռուստաընկերությանը եթերազրկելու նոր միջոց են մտածել`ապամոնտաժել ընկերության հեռարձակող սարքավորումները: Լրատվամիջոցների դեմ իշխանությունների տաս եւ ավել տարիներ առաջ սկսած ու չդադարող, գնալով էլ ավելի սաստկացող արշավը ընդամենը մեկ նպատակ ունի` սահմանափակել երկրում ազատ խոսքը եւ  «անաղմուկ» ու «անցնցում» դարձնել կեղծված ընտրությունների միջոցով սեփական վերարտադրությունը:

«Իրավունքի եւ ազատության կենտրոնը» դատապարտելով  խոսքի ու մամուլի ազատության դեմ ուղղված ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր ոտնձգություն իր աջակցությունն է հայտնում «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը: Վստահ ենք, որ մեր համատեղ ջանքերով հնարավոր կլինի Հայաստանում կասեցնել տոտալիտարիզմի հաղթարշավը»:

Նշենք, որ օրերս Հայաստանի վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի ապրիլի 26-ի որոշումը, որը «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը  պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից: