«Ակնհայտ է, որ խնդիր է դրված փակել ժողովրդավարության օազիս «Գալա» հեռուստաընկերությունը, եւ դրա համար արվում է հնարավոր ամեն բան»,- հուլիսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը։

«Այդ հեռուսաընկերությամբ հնչում է այլընտրանքային կարծիք, ընդդիմության խոսքը, եւ շատ հստակ է, որ նախընտրական փուլում այդ հեռուստաընկերությունը չի բավարարում իշխանության մոտեցումներին, ինչի պատճառով էլ այն փակելու համար անում են ամեն հնարավոր բան։ Ինչի՞ մասին կարող լինել խոսքը, երբ եթերում չի կարող այլընտրանքային կարծիք հնչել»,- նշեց Ռուբեն Հակոբյանը։ 

Անդրադառնալով ԿԸՀ նախագահի պաշտոնում Գարեգին Ազարյանի վերընտրության թեմային՝ «Ժառանգության» ներկայացուցիչը նկատեց. «Հայաստանը դեռեւս մարտի 1-ի մղձավանջի մեջ է, եւ այդ դեպքերը խորհրդանշող անձերից մեկին՝ Գարեգին Ազարյանին պետությունը կրկին դարձնում է ԿԸՀ նախագահ։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատիվ իրեն, կարողացավ մերժել վերջինիս թեկնածությունը»,- ամփոփեց Հակոբյանը։

Նշենք, որ Հայաստանի նորանշանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ` հուլիսի 14-ին գումարել է իր առաջին նիստը եւ միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրել Գարեգին Ազարյանին:

Հիշեցնենք նաեւ, որ Ազարյանը ՄԻՊ-ի կողմից հայտարարած մրցույթով հանձնաժողովի անդամ չդառնալուց հետո հայտարարել էր, թե ինքնաբացարկ է հայտարարել, մինչդեռ ՄԻՊ գրասենյակն ի պատասխան լրագրողների հարցերի ասել էր, որ Ազարյանը մասնակցել է մրցույթին, որտեղ նրան, ինչպես մյուս բոլոր թեկնածուներին հարցեր են տրվել: