Այլընտրանքային էներգիայի աղբյուրները չեն օգտագործվում, իսկ այդ ուղղությամբ գիտնականների հայտնագործություններին ուղղակի ճանապարհ չեն տալիս։ Նման հայտարարությամբ այսօր՝ հուլիսի 19-ին հանդես եկավ Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։
Նրա խոսքով՝ այլընտրանքային էներգիա ստանալու համար պետք է հաղթահարել թե’ քաղաքական, թե’ ֆինանսական խոչընդոտներ: Նրա կարծիքով` կառավարությունը շեշտը դրել է միջուկային էներգետիկայի զարգացման վրա, եւ արհեստականորեն խոչընդոտում է վերականգնվող էներգետիկայի զարգացումը:
«Ֆուկուսիման Տոկիոյից ուղիղ գծով հեռու է 216 կմ, այնինչ Մեծամորի ատոմակայանը Երեւանից գտնվում է ընդամենը 18 կիլոմետրի վրա»,-նշեց Հ. Սանասարյանը՝ հիշեցնելով, որ այսօր 1060 մեգավատ հզորությամբ նոր ատոմակայան են փորձում կառուցել՝ հաշվի չառնելով, որ այդ տարածքով անցնում է 6 սեյսմատեկտոնիկ բեկվածք։ Ըստ Կանաչների միության նախագահի՝ եթե տեսականորեն անգամ ընդունենք, որ ատոմակայաններում վթար չի լինում, միեւնույն է ատոմակայանի նորմատիվային արտանետումները աղտոտում են շրջակա միջավայրը, իսկ նրա արտադրած թափոնները հավերժական եւ անլուծելի խնդիր են մարդկության համար:
Որպես այլընտրանքային էներգիայի օգտագործմանը խոչընդոտելու օրինակ մաթեմաթիկոս, գյուտարար հեղինակ Հենրիկ Մխիթարյանը լրագրողներին ներկայացրեց իր ստեղծած Հավերժական շարժիչի նկատմամբ պետական ատյանների վերաբերմունքը։ Գյուտարարն ասաց, որ ինքը գտել է երկրագնդի գլոբալ տաքացման եւ էներգետիկ ճգնաժամի խնդիրների լուծումները, բազվաթիվ անգամ դիմել է տարբեր բարձր ատյաններ, սակայն որեւէ աջակցություն չի ստացել։
«Հավերժական շարժիչի միջոցով կարելի է ստանալ տաք ջուր` օգտագործելով միայն մթնոլորտի էներգիան, լուծել գլոբալ տաքացման խնդիրը, ավելին` հավերժական շարժիչի ստեղծումը ոչ միայն չի հակասում էներգիայի պահպանման օրենքին, այլ ապահովում է100% ՕԳԳ»,-ասաց Հ. Մխիթարյանը՝ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հայ գյուտարարն առաջարկում է Հավերժական շարժիչի միջոցով լուծել Հայաստանի էներգետիկ խնդիրները:




























