Skoda-ն Եվրոպայում ընդլայնել է էլեկտրական Enyaq iV-ի իր շարքը կուպե-քրոսովեր տարբերակով, ինչպես նաեւ RS մոդիֆիկացմամբ: Արտաքինից նորույթն առանձնանում է տանիքի թեք գծով, առջեւի օրիգինալ բամպերով եւ թափքի գույնի մոլդինգներով, գրում է «Գազետա»-ն:

Չեխական ավտոարտադրողը հայտնել է, որ Enyaq iV-ի համեմատ Cd-ի դիմադրության գործակիցը բարելավվել է եւ այժմ 0.234 է կազմում: Դա հնարավորություն տվեց մեկ լիցքավորմամբ կուպեի պաշարը հասցնել 545 կմ-ի (ըստ WLTP ցիկլի):

Հաճախորդներին առաջարկվում են երկու հզորությամբ մարտկոցներ՝ հետեւի քարշակով կամ լիաքարշակ, ինչպես նաեւ չորս ուժային սարքավորում՝ 132-ից մինչեւ 220 կՎտ հզորությամբ: Ամենահզոր տարբերակում՝ RS մոդիֆիկացիայով, ճանապարհային լուսաշերտը կրճատվել է 10-15 մմ-ով, թափավազքը 0-ից 100 կմ/ժ 6.5 վայրկյան է կազմում, իսկ ավտոմեքենայի առավելագույն արագությունը հասնում է 180 կմ/ժ-ի, ինչը 20 կմ/ժ-ով ավելիշատ է, քան կուպեի մյուս մոդիֆիկացիաներում:

Ինչպես եւ Enyaq iV ընտանիքի մյուս մոդելը, նորույթի նստատեղերը բնական բրդից են, որոնց պատրաստման ընթացքում էկոլոգիապես մաքուր նյութեր են օգտագործվել։ Ստանդարտ սարքավորումների ցանկը 13 դյույմանոց մուլտիմեդիա էկրան (ամենամեծ սենսորային էկրանը, որը մատակարարվում է Skoda մեքենաների համար), ինչպես նաեւ 5.3 դյույմանոց վիրտուալ գործիքների վահանակ է ներառում: Բեռնախցիկի ծավալը 570 լիտր է։

Երկու Skoda էլեկտրական քրոսովերներն էլ հավաքվում են Mlada Boleslav ապրանքանիշի գործարանում։ Դրանք միակ մոդելներն են Եվրոպայում, որոնք հիմնված են Volkswagen Group-ի MEB հարթակի վրա, որոնք Գերմանիայից դուրս են արտադրվում: Enyaq iV-ի բազային տարբերակը Չեխիայում 1.25 միլիոն կրոն արժե: