Ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի վերականգնման` այսօր լինելու եմ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրում` ՈՉ ասելու դատավորների նկատմամբ սանձազերծված բռնաճնշումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Ուշքի եկեք, մի քանդեք մեր պետության վերջին հենասյունը, մի գնացեք դեպի կործանում տանող ճանապարհով...»,-գրել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։
Դատավորների միությունը երեկ մտահոգություն է հայտնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։
Այսօր մի խումբ դատավորներ պատրաստակամություն են հայտնել հավաքվելու են Երևան քաղաքի դատարանի Աջափնյակ 1 նստավայրի (ք.Երևան, Նազարբեկյան 40) մոտ' ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի և հանուն դատավորների ֆունկցիոնալ ազատության և դատական իշխանության անկախության։





























