Գյումրեցի տանտիրուհիները այս տարի դժգոհում են պտուղ-բանջարեղենի թանկությունից: Նրանք բողոքում են, որ այս տարի ոչ կարողացել են նորմալ միրգ ուտել, ոչ պահածոյացնել եւ որ անցած տարի ավելի լավ էր:

«Այս տարի չհասցրեցինք ծիրան ուտել, ուր մնած թե կոմպոտ կամ պովիդլո փակենք: Աչքներս թարթեցինք, ծիրանը վերջացավ: Երբ եկավ, որ հիմա էլ վերջացել է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է գյումրեցի տանտիրուհի Վարսիկ Տոնոյանը: Նրա կարծիքով, ամեն ինչն էլ այս տարի թանկ է:

Իսկ գյումրեցի Սուսաննա Ոսկանյանն էլ յուրաքանչյուր մթերքից միայն երկու տարա է կարողացել պահածոյացնել: Նա դժգոհ է, որ հատկապես շաքարավազն է թանկ: «Ասում են պտուղ-բանջարեղենը թանկ է, որովհետեւ գյուղացին տուժել է, մշակել, տանջվել է, կարկուտը, երաշտը բերքը փչացրել են, իսկ շաքարավազն ինչո՞ւ է թանկ, չէ՞ որ հիմա արդեն շաքարի գործարան ունենք մարզում:

Երբ այդ գործարանը կառուցում էին, սարեր էին խոստանում, ասում էին գները կիջնի, բա ինչո՞ւ չի իջնում: Ախուրյանի շաքարի գործարանը քթներիս տակ է, բայց շաքարի գինը հասել է 400 դրամի»,- բողոքել է Սուսաննա Ոսկանյանը:

Նա հիշել է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ան խոստումը, թե հուլիս-օգոստոսին սպասվում է աննախադեպ գնանկում: «Բա ո՞ւր է այդ գնանկումը: Թող գոնե շաքարի գինը նվազեցնեն, մենք ուրիշ բան էլ չենք ուզում»,- ասել է նա: