NEWS.am-ի հարցազրույցն էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի հետ:

Տիկ. Մինասյան, հուլիսի 18-ին ՀՀ նախագահը ստորագրեց ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Ի՞նչ է տալիս այն գործարարին: 

Այն հեշտացնում է գործարարի կյանքը, քանի որ կատարելագործում է վերահսկողական դաշտը: Մեր տնտեսվարողները բողոքում են, թե տարին 12 ամիս իրենց ստուգում են: Այս օրենքով մենք սահմանափակումներ ենք կիրառում ստուգողների նկատմամբ, ու լրացուցիչ իրավունքներ ենք տալիս գործարարին: Օրինակ` ստուգման ակտը բողոքարկելու ողջ գործընթացը նկարագրել ենք օրենքում, որ նախկինում չկար: Բայց գլխավոր, իհարկե, ռիսկերի վրա հիմնված համակարգի ներդրումն է:

Ի՞նչ է դա նշանակում:

Վերահսկողությունը հիմնվելու է ռիսկերի վրա: Ռիսկի բոլոր չափորոշիչները պետք է հաստատի կառավարությունը, այսինքն` դրանք գաղտնի չեն լինի: Հրապարակայանացումից հետո  ցանկացած սուբյեկտ կհասկանա`ինքը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ: Կա ռիսկի 3 մակարդակ. եթե բարձր ռիսկային է` կստուգվի տարին մեկ անգամ, եթե միջին ռիսկային է` 3 տարին մեկ անգամ, եթե ցածր ռիսկային է` 5 տարին մեկ անգամ:

Եթե վերահսկող մարմինները չեն ներդնում այդ համակարգը, ապա բոլոր տնտեսվարող սուբյեկտները համարվում են ցածր ռիսկային, ու նրանց մոտ ստուգումներ կիրականացվեն 5 տարին մեկ անգամ: Ստուգող մարմինները մինչեւ դեկտեմբերի 1-ը պետք է հրապարակեն ստուգվողների ցուցակները: Տնտեսվարողը մինչեւ տարվա սկիզբն իմանալու է, որ իրեն ստուգելու են, եւ իրավունք ունի պատրաստվելու:

Տարին ավարտվելուց հետո էլ վերահսկող մարմինը պետք է հրապարակի, թե ում է ստուգել նախորդ տարում: Իսկ դա թույլ կտա իմանալ, թե տնտեսվարող սուբյեկտին տարվա ընթացքում քանի մարմին է ստուգել: Հաջորդ քայլը լինելու է այն, որ մեկ տնտեսվարողին մեկ տարվա ընթացքում որոշակի քանակից ավելի ստուգողներ չեն կարող այցելել:

Գաղտնիք չէ, որ հիմնական խնդիրները առաջանում են հարկային մարմինների հետ: Նրանց հետ կապված ի՞նչ փոփոխություններ կան:

Հարկային մարմինը կարող է անակնկալ ստուգում իրականացնել միայն հետեւյալ դեպքերում` ՀԴՄ կտրոն, ակցիզային դրոշմանիշ, չգրանցված աշխատող, ելակետային տվյալներ (հաստատագրված հարկ վճարողների մոտ): Գործարարներն ամենաշատը բողոքում են «Հարկերի մասին» օրենքի 28 հոդվածից, իսկ հիմա հարկայինը չի կարող ցանկացած պահի մտնել պահեստ ու ստուգել:

Բայց ՊԵԿ-ն արդեն մշակել էր ռիսկերի վրա հիմնված իր չափորոշիչները: 

Այն լիարժեք չի համապատասխանում այս օրենքին: Հիմա նոր չափանիշներ պետք է մշակեն ու ներկայացնեն կառավարության հաստատմանը: Կարեւոր է, որ հարկային մարմինը չի կարող բարձր ռիսկային խմբում ընդգրկել տնտեսվարողների 20 տոկոսից ավելիին:

Բացի հարկայինից, եթե չեմ սխալվում, եւս 24 ստուգող մարմիններ կան:

2 տիպի ստուգող մարմիններ ունենք` ֆինանսատնտեսական գործունեության ստուգում, եւ երկրորդ` համապատասխանությունը պետական նորմերին` շինարարական, հրդեհային, սանիտարական եւ այլն: Հատկապես երկրորդ մասում շատ էական փոփոխություններ կան:

Տնտեսվարողներին կբաժանվեն ստուգաթերթեր, որտեղ կլինեն սպառիչ հարցաշարեր: Օրինակ` հակահրդեհային համակարգի մասով կսահմանվեն 80 հարցեր, որը հնարավորություն կտա ինքնագնահատում իրականացնել: Վերահսկողն իրավունք չունի դրանից դուրս ինչ որ հարց տալ, կամ դրանից դուրս խախտում գրանցել:

Այսինքն` տնտեսվարող սուբյեկտը հնարավորություն է ստանում վերահսկել նաեւ ստուգողին: Եթե տնտեսվարողը համապատասխանում է ստուգման թերթին, ապա ստուգողներն այլեւս չեն գա:

Ստուգման թերթիկի մեջ հարցերը կարող են մի քանի տասնյակ լինել: Բայց հարցերի բնույթից շատ բան է կախված: Եթե նախկին ԽՍՀՄ բոլոր նորմերն ու ստանդարտները ներկայացնենք` տնտեսվարողների 90 տոկոսը դրան չի համապատասխանի: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք, որ այդ հարցաշարարեը նոր կամայականությունների առիթ չեն հանդիսանա:

Մենք կստեղծենք աշխատանքային խումբ`տվյալ տեսչության, նախարարության, բիզնեսի ու գիտության ներկայացուցիչներից, որն էլ կմշակի ստուգման թերթը: Մեզ նաեւ օժանդակում են միջազգային կառույցները: Դա շատ բարդ աշխատանք է, ու ստուգման թերթը պետք է քննարկվի բոլորի հետ ու հաստատվի կառավարության կողմից: Եթե այն անիրական լինի` ցանկացած տնտեսվարող կամ քաղաքացի կարող է բարձրաձայնել այդ մասին: Նշեմ, որ հարցերը կլինեն սպառիչ, ու հղում չեն պարունակի այլ կանոնակարգերին:

Բացի ստուգումներից` վերահսկողները կարող են տնտեսվարողներին այցելել այլ պատրվակներով` ուսումնասիրություններ, այցեր եւ այլն: Արդյո՞ք դա սողանցք չի ստեղծում ու չի պահպանում կոռուպցիոն ռիսկը:

Ուսումնասիրության արդյունքում իրավունք չկա պատժամիջոց կիրառել: Դա տնտեսվարող սուբյեկտը պետք է հստակ հասկանա..

Բայց դեռ չի հասկանում…

Մեր աշխատանքային խումբն այցելում է բոլոր մարզեր, ու մարդկանց փորձում տեղում պարզաբանել օրենքի բոլոր նրբությունները:

Տեսականորեն սողանքներ կարող են լինել օրենքի այն մասում, որտեղ նշված են բացառությունները: Օրինակ` ինչ-որ մեկի հայտարարության հիման վրա կարելի է ստուգում իրականացնել: Հնարավոր է` ձեւական հայտարարություն լինի: Բայց պատգամավորների հետ քննարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ հայտարարությունը չի կարող անանուն լինել:

Ստուգման հանձնարարականի մեջ հստակ պետք է նշվի հիմքը` բացահայտելով այն մարդու եւ կազմակերպության հասցեն եւ անունը, որից ստացվել է բողոքը: Դա անհրաժեշտ է, որպեսզի ստուգվողը կարողանա պաշտպանել իր շահերը:

Հիմա ուզում եմ ավելի կոնկրետ օրինակով խոսել: ԳՈՒՄ-ի շուկայի հարեւանությամբ մսավաճառների կրպակները փակեցին առեւտրի կանոնները խախտելու համար: Բայց եթե սննդի անվտանգության տեսչությունը հանկարծահաս այցելություն չաներ, այդ խախտումները հնարավոր չէր լինի բացահայտել: Արդյոք ձեր մշակած սահմանափակումները չե՞ն խոչընդոտում կառավարությանը` պաշտպանել սպառողների շահերը:

Եթե ստուգումից հետո խախտումները վերացնելու համար տրված հանձնարարականը չի կատարվում, ստուգող մարմինը կարող է կրկին համոզվել` արդյոք հանձնարարականը լրի՞վ է կատարվել:

Մսի վաճառքի պայմանը կարող է խախտվել ամեն օր` մի օր սառնարանը կանջատի, մի օր անասնաբույժի տեղեկանք չի ունենա, մի օր հին միս կվաճառի եւ այդպես շարունակ: Եթե վերահսկողությունը օպերատիվ չլինի` սննդի անվտանգությունը կարող է եւ պատշաճ մակարդակի վրա չլինել:

Մենք համակարգը ստեղծում ենք պարկեշտ քաղաքացիների համար: Մենք չենք գրում օրենք, մտածելով, թե բոլորը ցանկանում են օրենքից դուրս աշխատել: Եթե մարդը ցանկանում է խաբել` ցանկացած իդեալական համակարգում դա կարող է անել: Մենք ստեղծում ենք պարզ համակարգ, այլ բան է, որ հաջորդ քայլը կլինի պատիժների խստացումը: Տնտեսվարողները պետք է իմանան, որ եթե պետության սահմանած նվազագույն պահանջները չեն բավարարում, ապա կհայտնվեն բարձր ռիսկային խմբում, ու ամեն տարի կստուգվեն:

Զրուցեց` Սամվել Ավագյանը