Գարեգին Բ-ի` «Ես որեւէ գործ չունեմ լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ» արտահայտությունը, որի մասին հայտնել էր հուշարձանագետ Սամվել Կարապետյանի իր հարցազրույցներից մեկում, լայն հասարակական արձագանք է ստացել: Հուշարձանագետը հայտնել է, թե Կաթողիկոսն այդ արտահայտությունն արել է ոչ թե մի քանի օր առաջ Սանահինը փրկելու իր հորդորին ի պատասխան, այլ 2006 թվականին հանգուցյալ ճարտարապետ Արմեն Հախնազարյանի եւ Վեհափառի զրույցի ընթացքում, որին Կարապետյանը ներկա է եղել:

Այս առնչությամբ, «Չենք լռելու» նախաձեռնությունը նշում է.

«2006 թվականին, թե երեկ` խնդրի էությունը չի փոխվում. Կաթողիկոսը որեւէ գործ չունի լեռներում գտնվող վանքերի եւ եկեղեցիների հետ:

Ողջ գիշեր Facebook-ում թափ էր հավաքում Գարեգին Բ-ի արտահայտության կապակցությամբ սկիզբ առած բողոքի ալիքը: Բոլորը կենտրոնացան Կաթողիկոսի կերպարը, նրա լավ ու վատ գործերը վերլուծելու վրա, ինչը շեղեց ուշադրությունը «Չենք լռելու»-ի կողմից բարձրացված բուն խնդրից` UNESCO-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված X դարի Սանահինի վանական համալիրի խայտառակ բարձիթողի վիճակից:

Երեկոյան Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Մելիքյանը հանդես եկավ պարզաբանումներով, որոնք ոչ միայն չվերացրին բարձրացված հարցադրումները, այլեւ առաջ բերեցին նոր հարցեր»:

Հիշեցնենք, որ Վահրամ քահանա Մելիքյանը երեկ հայտարարել էր, որ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի խոսքը չի համապատասխանում իրականությանը եւ նրան մեղադրել էր անամոթության ու լկտիության մեջ: Բացի այդ, Մելիքյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողբալի վիճակում գտնվող Սանահինի վանական համալիրի վերականգնման համար միջոցներ չունի:

Facebook սոցիալական ցանցում բացվել է խումբ, ովքեր պահանջում են Գարեգին Բ-ի հրաժարականը: