Եթե 2010-ին Հայաստանի անտառներում հատվել է 2520 ծառ, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում` արդեն 1750 ծառ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Նա նշեց, որ ծառահատումների վերաբերյալ համապատասխան քրեական գործեր են հարուցվել, օրինակ` «Հայանտառը» հայտնաբերել է 1058 հատված ծառ, որի վերաբերյալ ակտեր են կազմվել, տեսչությունը հայտնաբերել է 473 հատված ծառ, անտառային մոնիտորինգը` 219 ծառ: Նրա կարծիքով` անտառահատումների հիմք կարող են հանդիսանալ սոցիալական խնդիրները:
Բանախոսը նշեց, որ այս պահի դրությամբ, անտառների 28 տոկոսը վատ վիճակում է, շատ քիչ անտառներ կան, որ բարվոք վիճակում են: Ինչ վերաբերում է երկրի անտառածածկ տարածքին, ապա այդ տվյալների շուրջ վիճաբանությունները չեն դադարում, նշվում են ամենատարբեր տվյալներ` 4-11 տոկոս:
«Անտառ տնկելը բարդ գործ է, մինչ տնկածը մեծանա դառնա անտառ, տասնյակ տարիներ են պետք: Ամենամեծ պրոբլեմը անտառի որակի փոփոխությունն է: Արժեքավոր ծառերի ու թփերի տեսակները փոխվում են համեմատաբար ոչ արժեքավոր տեսակներով»,- նշեց մասնագետը` հավելելով, որ այս տարի 20 հա անտառ է տնկվելու Երեւանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում, իսկ ԽՍՀՄ-ի ժամանակ տնկվել էր 156 հազար հա անտառ, որից պահպանվել էր 50 հազար հա:
Նշենք, որ Հայաստանը սակավանտառ երկրների շարքում է: 2000 տարի առաջ ունեցել ենք 40 տոկոս անտառ, որը տարեցտարի նվազել է:




























