ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներից Ջոն Պրեսկոտը չի ժամանել Հայաստան, թեեւ նախատեսված էր, որ նա եւ մյուս համազեկուցող Ակսել Ֆիշերը փաստահավաք առաքելությամբ հուլիսի 19-ին պետք է ժամանեին Հայատան:
Ներկայումս Երեւանում է միայն Ակսել Ֆիշերը:
NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Ջոն Պրեսկոտի չժամանելու պատճառը դժբախտ պատահարն է: Հուլիսի 19-ին նա հայրենի քաղաքից գնացքով ուղեւորվել է Լոնդոն, որտեղից պետք է թռչեր Երեւան: Սակայն դեպի Լոնդոն ճանապարհին, գնացքի անիվների տակ մարդ է ընկել, որի հետեւանքով Պրեսկոտը չի հասցրել ժամանակին հասնել Լոնդոն, ապա նաեւ Երեւան:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքի տեղեկատվության, համազեկուցողները Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկելու են երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները, նաեւ երկրում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես ընտրական բարեփոխումներին:
ԵԽԽՎ համազեկուցող Ֆիշերը կհանդիպի Հայաստանի նախագահի, ԱԺ նախագահի, խորհրդարանական խմբակցությունների, նաեւ արտախորհրդարանական ընդդիմության, մասնավորապես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:
Այսօր` հուլիսի 20-ին նա հանդիպումներ կունենան ԱԺ-ում:
Համազեկուցողի իրենց փաստահավաք առաքելությունը կավարտեն հուլիսի 21-ին:
Ներկայիս այցի ու հանդիպումների արդյունքներով նրանք պետք է գնահատեն իրավիճակը եւ հոկտեմբերին ԵԽԽՎ-ին ներկայացնեն Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույց:




























