Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հանդես է եել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է Երեւանի ու Վանաձորի դիմագիծն աղճատող շինարարական «բեսպրեդելին»:

Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Վերջին տասնամյակի ընթացքում անընդհատ  ականատես ենք եղել թե ինչպես են Թամանյանական Երեւանը այլասեռել:

Իշխանությունների  ընչաքաղցությունը, անճաշակությունը, գավառամտությունը, ուղղակի  տմարդի մոտեցումը հանգեցրեց նրան, որ ազգովի կորցրեցինք Երեւանի յուրահատուկ պայծառ դիմագիծը:

Պարոնայք  իշխանավորները Երեւանից վրեժխնդիր լինելուց հետո անցել են Վանաձորի կենտրոնական հրապարակին:

Ա. Թամանյանի նախագծով կառուցված այս համալիրը լավագույններից մեկն է մեր տարածաշրջանում, որտեղ այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Անսամբլի մեջ գտնվող հյուրանոցային շենքին անճոռնի  կցոն են ավելացնում, որը ուղիղ հրապարակի տարածք է մխրճվում, խեղաթյուրելով, անտրամաբանական դարձնելով ողջ համալիրը:

Այս արդեն` անգրագիտությանը, տգիտությանը, ոխակալությանը վերագրել չի կարելի: Մենք ազգովի հայտնվել ենք մի երկրում, որտեղ համամարդկային տարրական օրենքները ոտնահարվում են, ճարտարապետականի մասին խոսելն ավելորդ ենք համարում: Օտար բառով ասած «բեսպրեդել» է տիրում ՀՀ տարածքում:

Պարոնայք վայ իշխանավորներ սթափվեք, վաղը այս ամենի համար պատասխանատվության եք ենթարկվելու»: