ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ հոկտեմբերին այդ կառույցում ներկայացվելիք Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների մասին զեկույցը բացառապես դրական շեշտադրումներ է պարունակելու։ Նման համոզմունք պատգամավորը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով անցած գիշեր Երեւան ժամանած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերի այցի թեմային։

Նշելով, որ Ֆիշերի հետ կոալիցիայի ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել առավոտյան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համազեկուցողը բավականին բարձր եւ արդյունավետ է գնահատել հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, ներառյալ վերջերս կիրառված համաներումն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը։ «Ակսել Ֆիշերը, բացի այդ, շատ բարձր գնահատեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումները»,- տեղեկացրեց Զոհրաբյանը՝ կրկին ընդգծելով, որ հոկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանի մասին զեկույցը դրական է լինելու մեկ պարզ պատճառով. համազեկուցողները բարձր են գնահատում ԵԽԽՎ նախորդ բանաձեւերում առկա խնդիրների շտկման ուղղությամբ հայաստանյան իշխանությունների կատարած քայլերը։

Նշենք, որ անցած գիշեր Երեւան է ժամանել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտի այցը չի կայացել տեխնիկական պատճառներով։

Նշենք նաեւ, որ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, Ֆիշերը փաստահավաք այս առաքելության շրջանակներում Հայաստանի իշխանությունների եւ ընդդիմության հետ քննարկելու է երկրում քաղաքական միջավայրի բարելավմանն ուղղված վերջին զարգացումները: Նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական խմբակցությունների, ինչպես նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ:

Համազեկուցողն իր փաստահավաք առաքելությունը կավարտի հինգշաբթի օրը: