Հանրապետության հրապարակից այսօր՝ հուլիսի 20-ին մեկնարկեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող «Դասարան անիվների վրա» նախագիծը, որի պաշտոնական արարողությանը մասնակցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ողջունելով նախագծի մասնակիցներին` նախարարը նշեց, որ հանրակրթության որակի բարձրացման համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն անհրաժեշտ պայման է։
«Չկա որակյալ կրթություն` առանց համակարգիչների եւ համացանցի»,- ասաց Ա.Աշոտյանը` հավելելով, որ վերջին 2 տարում Հայաստանի ուսումնական հաստատություններում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բեկումնային զարգացում է ապրել:
«Եթե 2009 թվականին 36 աշակերտի բաժին էր ընկնում մեկ համակարգիչ, ապա այժմ այդ թիվը հասել է 22-ի, որը համապատասխանում է Եվրամիության անդամ երկրների միջինացված ցուցանշին»,-ասաց ԿԳ նախարարը։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ՀՀ Նախագահի կողմից հովանավորվող «Համակարգիչ դպրոցների համար» ծրագրի շնորհիվ, որի շրջանակում 2300 գերժամանակակից համակարգիչ է տրամադրվել Հայաստանի եւ 100-ը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցներին:
Խոսելով հանրակրթական դպրոցների ինտերնետային հասանելիության խնդրին` նախարարը նշեց, որ առկա 65 տոկոսի ծածկույթը մինչեւ տարեվերջ հասնելու է 95-ի:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ «Դասարան անիվների վրա» նախագիծի նպատակն է անմիջական հանդիպում-ներկայացումների միջոցով Հայաստանում եւ Արցախում առաջացնել մեդիահանրակրթության դասարանների ստեղծման պահանջ։
Արդյունքում՝ Հայաստանի եւ Արցախի ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան միմյանց հետ շփվել եւ փորձի փոխանակում իրականացնել։
Ա. Բլեյանը նշեց նաեւ, որ նախագծի շրջանակում նախատեսվում է ուսումնական գրականության տրամադրել դպրոցներին, ինչպես նաեւ Վայոց ձորի, Սյունիքի եւ Արցախի աշակերտներին եւ ուսուցիչներին ներգրավվել կրթահամալիրում ընթացող մեդիաօլիմպիադայում:
Նախագծի իրականացման համար նախատեսվել է հետեւյալ երթուղին` Երեւան-Եղեգնաձոր-Գորիս-Շուշի-Ստեփանակերտ-Ասկերան-Ամարաս-Գանձասար-Տաթեւ-Նորավանք-Երեւան:
Նշենք, որ նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պատվերով։




























