Երեւանի տարբեր վայրերում նախկինում բացօթյա առեւտուր անողներն այսօր` հուլիսի 20-ին, բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի շենքի մոտ, որին մասնակցել է մոտ 20-30 մարդ:

Նախկինում Աբովյան փողոցում բացօթյա առեւտրով զբաղվող մի կին NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ցանկանում էին հանդիպել քաղաքապետարանից որեւէ իրավասու անձի հետ, ով իրենց կընդուներ եւ կլսեր խնդիրները: Բայց քաղաքապետարանում նրանց չեն ընդունել` պատճառաբանելով, որ իրավասու պաշտոնյան «տեղում չէ» :

«Ես ինքս 40 տարեկան կին եմ, խանութներում աշխատանքի են ընդունում մինչեւ 30 տարեկաններին, ես ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ»,- ասաց Աբովյան փողոցում նախկինում առեւտուր անողներից մեկը: Այօսրվա ակցիային մանրավաճառները իրենց հետ բերել էին միրգ եւ այլ ապրանքներ, որպեսզի վաճառեն, բայց նրանց թույլ չեն տվել դա անել:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի կողմից` բացօթյա առեւտուրն արգելելուց հետո, մայրաքաղաքի մի շարք փողոցներում առեւտրող զբաղվող անձինք բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել թե Կառավարության շենքի, թե քաղաքապետարանի եւ թե այլ կառույցների առաջ: Այժմ նրանք որեւէ կերպ չեն կարողանում առեւտրով զբաղվել եւ շատ վատ սոցիալական վիճակում են: Նրանց փոխանցմամբ` իրենց խնդիրները ոչ ոք չի լսում, բողոքի ակցիաներն արդյունք չեն տալիս, բայց ցուցարարները հուսով են, որ «վերջապես էս պաշտոնյանների ուղեղներին կհասնի, որ էս մարդիկ սոված են»:

Առեւտրականները այսօր երեկոյան երկուժամյա նստացույց են անցկացնելու Բաղրամյան փողոցում գտնվող Եվրամիության շենքի առաջ, իսկ վաղն առավոտյան բողոքի ակցիա են կազմակերպել Կառավարության շենքի առաջ: