Կեղծարարի համբավ ունեցող մարդիկ չեն կարող ապահովել հաջորդ համապետական ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը: Նման կարծիք են հայտնել ԱԺ «Ժառնագություն» խմբակցության պատգամավորները ԵԽԽՎ Հայաստանի հարոցով համազեկուցող Ակսել Ֆիշերի հետ այսօր` հուլիսի 20-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հանդիպման մասնակից Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ համազեկուցողին են ներկայացրել հարցերի լայն շրջանակ` սկսած լրատվամիջոցների դեմ ներկայացված դատական հայցերից, խոսքի ազատությունից մինչեւ «Մարտի 1-ի» գործ:

«Նշեցինք, որ նախկին կեղծարարի համբավ ունեցողներից ձեւավորված ԿԸՀ-ն լավ մեկնարկ չէ արդար ընտրությունների համար: Նշեցինք նաեւ, որ գործող դատախազը, որը գործ սարքելու համբավ ունի, դեռեւս շարունակում է պաշտոնավարել, իսկ Հատուկ քննչական ծառայության ղեկավարը, ով տարիներ շարունակ զբաղված է եղել կեղծիքներ կոծկելով` ի վիճակի չի լինի բացահայտել նաեւ «մարտի 1-ը»: Հետեւաբար`այս տեսակ պաշտոնյաների առկայության եւ խոսքի ազատության առկա սահմանափակումների պայմաններում մենք չենք կարող ակնկալել արդար, թափանցիկ, հավասար պայմաններով ընտրությունների անցկացում, անկախ այն բանից, թե ինչպիսի Ընտրական օրենսգիրք է ընդունվել»,-հայտարարեց Փոստանջյանը` հավելելով, որ նոր օրենսգրքում չեն ներառվել  ընդդիմության կողմից արված հիմնական առաջարկները:

«Ժառանգության» պատգամավորները խոսելով մարտի 1-ի բացահայտման մասին նշել են, որ այդ ողբերգության կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը Հաագայի դատարանին դիմելու հնարավորություն ունենա:

Զ. Փոստանջյանն ասաց նաեւ, որ բարձրացված հարցերի վերաբերյալ համազեկուցողներն իրենց կարծիքը կարտահայտեն սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցում: Այդ զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն Հայաստանի վերաբերյալ կընդունի հերթական բանաձեւը:

Նշենք, որ հուլիսի 20-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերին հանդիպել են «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը եւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

ԵԽԽՎ հարցով մյուս համազեկուցողը` Ջոն Պրեսկոտը գնացքի վթարի պատճառով չի կարողացել  Հայաստան ժամանել: