Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների Կազանի հանդիպումը տեղի է ունեցել Թաթարստանում, որը ՌԴ-ում բարձր ինքնավարություն ունեցող եւ հիմնականում մահմեդականներով բնակեցված միավոր է. դա շատ խորհրդանշական է: Այս մասին Ամերիկայի ձայն» ռադիակայանին տված հարցազրույցում նշել է «Ջեյմս Թաուն» հիմնադրամի ղեկավար Գլեն Հովարդը:

Նրա խոսքով, սակայն, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների բացակայությունը կարող է բերել լարվածության աճի: «Խնդիրն այն է, որ Ռուսաստանը ոչ միայն դիվանագիտական առաքելություն է իրականացնում, այլեւ զենք է մատակարարում հայերին ու ադրբեջանցիներին: Դժվար է հավատալ, որ Մոսկվան այս վիճակում կարող է մնալ որպես չեզոք միջնորդ»,- ասել է նա:

Կազանի հանդիպումի ձախողումից հետո Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այցելել է Երեւան, Բաքու եւ Վաշինգթոն: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի Մոսկվա այցելելու հրավերը խոսում է այն մասին, որ Մոսկվան փորձում է պահպանել գլխավոր միջնորդի իր դերը: «Արեւմտյան քաղաքական գործիչները սպասում են, որ Հայաստանը կգնա որոշակի զիջումների: Ադրբեջանը հույս ունի, որ բանակցային գործընթացում ինչ-որ շրջադարձ կլինի, ասենք 2-3 շրջանների վերադարձ: Սակայն Երեւանը չի գնում դրան: Ռուսաստանի վրա ազդելու համար Ադրբեջանի ամենագործուն լծակը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն է»,- ասել է Հովարդը:

Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա նա Հարավային Կովկասում առանձնակի հետաքրքրություններ չունի, ուստի Ռուսաստանի միակ մրցակիցն այդ հարցում ԱՄՆ-ն է: Սակայն, Վաշինգթոնը հստակ քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ եւ ամբողջ նախաձեռնությունը գտնվում է Ռուսաստանի ձեռքում, այնինչ Ադրբեջանը փորձում է խնդրի կարգավորման հարցում ներգրավել բոլոր գերտերություններին: