Ադրբեջանը կասկածի տակ է դրել «Nabucco» գազամուղի նախագծի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումն այն բանից հետո, երբ Բաքուն Անկարայից չի ստացել ստորագրված պայմանագրի պատճենը: Այդ մասին գրոյւմ է «Hurriyet Daily News and Economic Review»-ն` հղում կատարելով ադրբեջանցի բարձարստիճան պաշտոնյայի:
«Ցավոք, ոչ ոք մեզ չի ուղարկել նախագծի աջակցության այդ համաձայնագրի պատճենը: Եւ մենք այդ մասին չենք խնդրի, քանի որ դա խախտում է հավասար օգտագործման իրավունքի սկզբունքը «Nabucco»-ի երեք նախագծերի համար»,-ասել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության փոխնախագահ Էլշադ Նասիրովը:
Ադրբեջանը եղել է նախագծի միակ բացակա գործընկերը, երբ հունիսի 8-ին «Nabucco Gas Pipeline International GmbH»-ի եւ տարանցիկ հինգ երկրների` Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի ու Թուրքիայի պատասխանատու նախարարությունների միջեւ ստորագրվել եւ նախագծի աջակցման համաձայնագրերում մշակվել է «Nabucco»-ի իրավական բազան:
Նասիրովը նաեւ նշել է, որ դեռեւս չի ստորագրվել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ տարանցման մասին երկկողմ համաձայնագիրը, որը նախագիծն իրականություն կդարձներ: «Մենք այդ համաձայնագրի ստորագրմանը բավականին մոտ էինք ապրիլին եւ մայիսին: Սակայն որոշ մանր եւ որոշ կարեւոր հարցեր խանգարեցին կողմերին պայմանավորվել եւ ավարտել աշխատանքը փաստաթղթղի վրա»,-ասել է Նասիրովը:




























